Քաղաքացիների դժգոհությունը տեղին է: Այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Հյուսիսային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել երաժիշտների:
Օսիպյանի խոսքերով կան երկրներ, որտեղ կան փողոցներ, որտեղ երաժշտություն նվագելը թույլատրված է, սակայն Հյուսիսային պողոտան խիտ բնակեցված է և պետք է մտնել այնտեղ բնակվողների տրամադրության մեջ, ովքեր ստիպված են լինում ապրել աղմուկի պայմաններում: Ոստիկանապետը նշեց, որ նույնիսկ շնորհակալական նամակ է ստացել պողոտայի բնակիչներից:
Ամեն դեպքում Օսիպյանը նշեց, որ հանձնարարել է ոստիկաններին մոտենալ և երաժիշտներին զգուշացնել երաժշտության ձայնը ցածր պահելու մասով, որպեսզի աղմուկ չլինի և դա լինի մինչև 23:00: Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած միջադեպին, Ոստիկանապետը նշեց, որ իրավապահները ստիպված են եղել միջամտել, քանի որ վիճաբանություն է եղել երկու երաժիշտի միջև, որոնցից մեկը եղել է ոչ սթափ վիճակում, հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ: Ոստիկանները դրանով պայմանավորված բերման են ենթարկել վերջիններիս: