Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հորդորում է երևանաբնակ իր անդամներին¸ համակիրներին և առհասարակ բոլոր երևանցիներին՝ քաղաքացիական պատասխանատվությամբ ու ազգային-քաղաքական գիտակցությամբ մասնակցել առաջիկա ընտրություններին և իրենց ձայնը տալ ըստ իրենց հայեցողության՝ հարմարագույն թեկնածուներին։
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հիշեցնում է բոլորին¸ որ առաջիկա ընտրությունները հանդիսանալու են առաջինը՝ «թավշյա հեղափոխությանը» հաջորդող ժամանակաշրջանում¸ որոնց ընթացքում փաստացիորեն փորձարկվելու են երկրի նոր իշխանության պատրաստակամությունը ազատ¸ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու¸ ընտրակաշառքների հոռի ավանդույթը արմատախիլ անելու¸ վարչական և այլ ռեսուրսներ ի գործ չդնելու և օրինախախտներին խստագույնս պատժելու խոստումների անկեղծությունը։
Ավելին՝ Երևանի քաղաքային ընտրությունները լինելու են յուրօրինակ փորձաքար՝ առաջիկա տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար¸ որոնց իր սուղ միջոցների խնայողության պայմաններում ՌԱԿ-ը նախապատրաստվում է ամենայն պատասխանատվությամբ¸ ուժերի գերլարումով՝ հանրապետության ողջ տարածքում։
Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները¸ ՌԱԿ Կենտրոնական վարչությունը սեպտեմբերի 22-ից 23-ը ներառյալ իր Կենտրոնական գրասենյակում հաստատելու է ընտրական հնարավոր խախտումների շուրջ բողոքների գրանցման շուրջօրյա ծառայություն և կոչ է անում մեր համաքաղաքացիներին¸ դիտորդական կազմակերպություններին¸ ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգել հետևյալ հեռախոսահամարով +374 060271114 և էլ.հասցեյով [email protected]։
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ