Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ լրագրողներ, վառ առավոտից բազում զանգեր եմ ստանում Կրթության նախարարի և իմ միջև երեկ ծավալված երկխոսության վերաբերյալ: Վստահեցնում եմ բոլորիդ, որ նախարարի կողմից ինձ նվաստացնելու կամ ճնշելու միտում չի եղել և չէր կարող լինել: Նման մեկնաբանությունները թյուրըմբռնման արդյունք են, ուստի խնդրում եմ դադարեցնել նմանօրինակ քննարկումները և կենտրոնանալ հարցի բովանդակային կողմի վրա: Ես բարձրաձայնել եմ խնդրի մասին, որը հուզում է թե՛ ծնողներին, թե՛ մեզ՝ կրթության կազմակերպիչներիս: Իմ խորին համոզմամբ, օտար լեզվի ուսուցման գործընթացը պետք է սկսել առաջին դասարանից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն մեթոդներով և դասագրքերով: Այս առումով բավականին հաջող է Վրաստանի փորձը, որի մասին էլ խոսեցի երեկ: Հուսով եմ՝ օտար լեզվի ուսուցման արդիականացմանն ուղղված գործնական քայլերի ականատես կլինենք շուտով: Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զանգերին զբաղվածության պատճառով չեմ հասցրել պատասխանել: Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ բազում անելիքներ ունենք, այնպես որ՝ ի գործ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին տնօրենների հետ հանդիպման ժամանակ ԿԳ Նախարար Արայիկ Հարությունյանը խնդրել էր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին հայերեն արտահայտած մտքերն անգլերեն շարադրել՝ կարծես կասկած հայտնելով, որ վերջինս դա կարող է անել: Շատերը քննադատել էին նախարարի այդ քայլը՝ համարելով, որ նա այդ կերպ փորձել է նվաստացնել տնօրենին: