Հասարակություն 

ԱԻ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավարին

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավար Յոհանես վան դեր Կլաունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին պաշտոնավարման առիթով և վերահաստատեց Արտակարգ իրավիճակների նախարարության պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու և մասնագիտական ուղղություններով աշխատելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարերային և տեխնածին աղետներից առաջացած արտակարգ իրավիճակներում և ռազմական գործողությունների դեպքում բնակչության և փախստականների զանգվածային տեղաշարժի կառավարման ու հետևանքների մեղմացման խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Այս ենթատեքստում նշվեց «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման պլան»-ի մշակման ընթացիկ աշխատանքների մասին և ընդգծվեց հետագա համատեղ ուսումնավարժանքների կարևորությունը, որոնց ընթացքում հնարավոր կլինի փորձարկել պլանով նախատեսված մոտեցումները:

Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև ԱԻ նախարարության համապատասխան կարողությունների հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ:

Նույն շարքից