«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄաքՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին և աջակցություն ստանում նրանից:
ՄաքՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան և Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ ՄաքՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն արգելեց մասնակցել սգո արարողություններին, հրահանգել էր 2 օրով իջեցնել Սպիտակ տան դրոշը: Համայնքը ՀՀ իշխանությունների՝ ցավակցական հեռագիր չուղարկելը համարում է քաղաքական լուրջ վրիպում, ինչը կխանգարի համայնքի գործունեությանը հանրապետականների հետ աշխատանքում:
Ի դեպ, Ադրբեջանում ՄաքՔեյնն ուներ խիստ հայամետ գործչի համբավ: Հիշեցնենք, որ Ջոն Մաքքեյնն աջակցել էր 1989թ. «Արցախի խնդրի արդար և խաղաղ կարգավորման» և «Մարդասիրական միջանցք» օրենսդրական նախաձեռնություններին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում