Քաղաքական 

Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական և ավանդական արժեքային համակարգերից»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։

«Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով»,-նշել է Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։

«Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը և նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։

«Այսօր էլ Ռուասատանը կարևոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում և պետք է նշեմ, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի Հայաստանում ռուսական ռազմաբազան»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Հայաստանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է դարերի քննությունը բռնած ռուս-հայկական բարեկամության անխախտելիությունը։

Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար և նշել, որ իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշել է, որ այս տարի արդեն կազմակերպվել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված գիտաժողով, ինչը մեծ արձագանք է ստացել երկու երկրներում։

Էդուարդ Շարմազանովը նաև նշել է, որ այս տարվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում և Երևանում միջոցառումներ կկազմակերպվեն Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար, ռուս-թուրքական պատերազմի հերոս, հայազգի գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի հիշատակին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։

 

Նույն շարքից