Հասարակություն 

Որևէ մեկը չի կարող աշակերտին պարտադրել կոնկրետ հագուստ կրել. ԿԳ նախարար

analitik.am

«Արդեն հունիս ամսին ինձ սկսեցին բողոքներ ներկայացնել, որ որոշ դպրոցների տնօրեններ ասել են և պարտադրել, որ պետք է դպրոցում լինի կոնկրետ հագուստ կոնկրետ արատադրողներից, ինչը վրդովմունք առաջացրեց, քանի որ որևէ մեկը չի կարող որևէ մեկին պարտադրել կոնկրետ հագուստ, նման կարգավորում չկա»,-Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշել է, որ տնօրենների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, թե միասնական հագուստի հարցը ծնողական խորհրդի լուծման հարցն է. «Եթե ծնողները հավաքվեն և որոշեն, որ պետք է երեխաները միանման հագուստ կրեն, եթե բոլորը համաձայն լինեն, խնդիր չկա: Սակայն, եթե կլինեն ծնողներ, ովքեր դեմ կլինեն դրան, որևէ մեկը չպետք է ստիպի նրանց երեխաներին կրել այս կամ այն հագուստը: Մյուս խումբը կարող է միանման հագուստ գնել: Հարցն այն է, որ որևէ մեկը չի կարող որևէ մեկին պարտադրել չհագնել սև-սպիտակ հագուստ, բայց որևէ մեկը մյուսին չի կարող պարտադրել հագնել սև-սպիտակ»:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, որ այս որոշման արդյունքում դպրոցներում տարբեր երեխաների կողմից ճոխություններ կլինեն և սոցիալական տարբերությունն ակնհայտ կլինի, նախարարը կոչ արեց այցելել դպրոցներ, որտեղ հագուստի մասով չկա պարտադրանք՝ վստահություն հայտնելով, որ ճոխություն չի նկատվի:

Հարությունյանը ծնողներին խորհուրդ տվեց երեխաներին հագցնել հասարակ ու հարմար հագուստ, որպեսզի երեխաները հանգսիտ լինեն, կաշկանդված չլինեն:

 

Նույն շարքից