Հասարակություն 

Նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր

«ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրով Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հերթական աշխատաժողովին վարչական շրջանների աշխատակազմերի և մի շարք համատիրությունների ներկայացուցիչներին ներկայացվել և քննարկվել են ծրագրի իրագործման փուլերը, մասնավորապես շենքերի ընտրության չափանիշները։

Ծրագրի աշխատանքային խմբի անդամների և փորձագետների կողմից մեկ շենքի օրինակով ներկայացվել են էներգաաուդիտից և ծրագրից ակնկալվող էներգաարդյունավետության ցուցանիշները։

Հանդիպմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀԷՑ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև աշխատանքային խմբի անդամները, արևային ՖՎ համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության դրամաշնորհային ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Ծրագրով նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով տվյալ շենքերի վերելակների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև շքամուտքերում և բակային տարածքներում տեղադրել LED լուսատուներ:

Ընդգծելով մայրաքաղաքի համար ծրագրի իրագործման կարևորությունը՝ աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է, որ այժմ մասնագետները մանրամասնորեն ուսումնասիրվում են ծրագրում ընդգրկվելիք շենքերի համապատասխանությունը նախնական չափորոշիչներին։

«Առաջնահերթորեն մենք պետք է իրազեկենք մեր բնակչությանը ծրագրի և դրա արդյունավետության մասին։ Այս փուլում կարևոր է, որ հնարավոր ընտրվելիք շենքերի պատասխանատուները լիովին պատկերացնեն, թե ինչպես է արևային էներգիան մուտք գործելու շենքեր, ինչպես է աշխատելու այս համակարգը, որքանով է այն արդյունավետ և, ի վերջո, ինչ է տալու բնակիչներին։ Այս առումով կարևորում եմ նաև հենց արևային ՖՎ համակարգերով զբաղվող ընկերությունների մասնակցությունը՝ առավել մանրամասնորեն ծանոթանալու ծրագրի հնարավորություններին: Բացի այդ, նման ձևաչափով հանդիպումները կարող են նպաստել նաև համայնք – մասնավոր հատված համագործակցության ընդլայնմանը»,-նշել է Տիգրան Սարգսյանը։

Աշխատաժողովի մասնակիցներն հարցուպատասխանով բարձրաձայնել են ծրագրին առնչվող իրենց հետաքրքրող խնդիրները՝ ստանալով ամբողջական տեղեկատվություն։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումը կազմակերպել շենքերում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից