Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե ինչու նախորդ անգամ չմասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին, սակայն հիմա անում են դա, նշեց, որ հիմա արդեն նոր Հայաստանում ենք ապրում, արդեն այնպես չէ, ինչպես ասում էին Հանրապետականները, որ բոլոր ճանապարհները Մելիք-Ադամյանով են անցնում:
Ծառուկյանի խոսքերով, իրենք որոշել են մասնակցել ընտրություններին, ներկայացնելու են իրենց ուժի ծրագրերը, և երևանցին պետք է որոշի, թե ով է լինելու քաղաքապետը և ովքեր են լինելու ավագանիում:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելուն, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ դա արել են ժողովրդի պահանջով. «Մենք թեկնածու չառաջադրեցինք, կանգնեցինք Փաշինյանի կողքին, նա է եղել հեղափոխության ղեկավարը, մենք էլ մեր չափով աջակցել ենք: Երբ ԵԼՔ-ի պատգամավորներին ձերբակալեցին, նույն օրը Ծառուկյանը հայտարարեց, որ նրանց կողքին է: Ես նորից եմ ուզում ասել, որ 1/3-ը ԲՀԿ-ն է տվել պարոն Փաշինյանին, որ լեգիտիմ լինի, որ ընտրություն լինի: Այսօր շատ նորմալ համագործակցում ենք: Իհարկե թիմում կարող են խնդիրներ լինեն, բայց մենք ուզում ենք ժողովրդի հույսն ու հավատն իրականացնենք, որ միասնական լինենք ու իրար կողքի»: