Մեկնարկեց նոր ուսումնական տարին: Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ ողջունեցին ու բարի երթ մաղթեցին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՃԿՊԱ ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը:
«Ակադեմիայում պատրաստում են երկրի և քաղաքացու անվտանգությունն ապահովող մասնագետներ, ուստի պետության անվտանգության հարցում ձեր պատասխանատվության չափն անհամեմատ մեծ է: Դուք գործ եք ունենալու մարդկային կյանքի հետ, դժվարին կացության մեջ նրանք ձեզ հետ են կապելու իրենց փրկության հույսը: Ձեզ մեծ կամք, դիմացկունություն և հոգու արիություն է պետք: Լիահույս եմ, որ ակադեմիայում ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու եք ապահով և անվտանգ պետություն ունենալու գաղափարին»,- ասաց նախարարը:
Ռեկտոր Համլետ Մաթևոսյանն ուսանողներին խնդրեց մի կողմ թողնել դպրոցներում ձեռք բերած վատ սովորությունները, կռվարարությունը, պատրաստ լինել կյանքը նվիրել ուրիշների փրկության գործին, ձեռք մեկնել կարիքավորին. «Ով մեկ անգամ մարդ է փրկում, այլևս երբեք փրկարարությունը չի թողնում, նրա ճակատագիրն արդեն որոշված է: Ես ձեզ խնդրում եմ ոչ միայն լավ սովորել, այլև ձեռք բերել մարդկանց հետ շփվելու մշակույթ: Բոլորը գիտեն, որ չի կարելի մեքենան վարել ոչ սթափ վիճակում և փողոցն անթույլատրելի տեղից անցնել, սակայն շարունակում են նման կերպ վարվել, քանի որ չկա անվտանգության մշակույթ: Դուք պետք է ձևավորեք այդ մշակույթը, ձեր ուսերին շատ մեծ բեռ է դրված»:
ՃԿՊԱ ուսումնական գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ այս տարի ակադեմիան բոլոր մարզերից և Արցախից առաջին կուրսեցիներ ունի: Երևանում նախատեսված տեղերը համալրվել են 65 տոկոսով, իսկ Ստեփանավանում՝ 100 տոկոսով:
32-ամյա Սոնա Առաքելյանն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է: Ակադեմիայում ուսանող ընկերներից մեկի միջոցով ծանոթացել է ՃԿՊԱ կրթական ծրագրերին և առանց երկմտելու փրկարարի մասնագիտություն ստանալու որոշում կայացրել: Արդեն իսկ իրեն համազգեստով է պատկերացնում, լիահույս է, որ ստացած բարձրագույն կրթությունը կօգնի աշխատանք գտնել:
Արամուսցի 18-ամյա Ջիվան Առաքելյանը դպրոցական տարիքից հետաքրքրված է եղել փրկարարի մասնագիտությամբ: Անկեղծանում է՝ բնավորությամբ մարդասեր է, այս մասնագիտությունն իրեն հոգեհարազատ է: Դժվարություններից չի վախենում: Վստահ է՝ իսկական տղամարդը պետք է ամեն ինչի պատրաստ լինի: