Հասարակություն Բարի օր 

Թբիլիսիում վթարից տուժած երկու քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան

Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով Վրաստան էր մեկնել առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանին տեղեկացվել է, որ նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։

Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում որոշվել է երկու պացիենտներին էլ առաջիկա օրերին տեղափոխել Երևան` բուժումը մեր երկրում շարունակելու:

Նախորդիվ նրանց վիճակին ծանոթանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով 3 անգամ Թբիլիսի է մեկնել հայ մասնագետների խումբ:

Օգոստոսի 20-ին` 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, վթարի հետևանքով տուժել էր ՀՀ 9 քաղաքացի, որոնցից մեկը մահացել էր: 8-ը տեղափոխվել էին թբիլիսյան տարբեր բուժհաստատություններ: Առողջապահության նախարարությունն օպերատիվ կերպով ուշադրության տակ է պահում բոլոր տուժածների վիճակը:

Նույն շարքից