Այսօր առավոտյան «Առինջ մոլի» մի խումբ աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության մոտ:
Քիչ առաջ ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ կառավարությունում խորհրդակացություն է իրենց խնդրի մասով, որից հետո պատասխաններ կտրվեն:
Ակցիայի մասնակցի խոսքերով, իրենք խելոք կանգնել են, աղմուկ չեն բարձրացնում, սակայն իրենց անտեսում են. «Անտեսում են այն մարդկանց, ովքեր թավշյա հեղափոխության մասնակից են եղել, իրենց երեխաների ապագան կապել են այսօրվա կառավարության հետ: Մեզ արհամարհելը շատ սխալ բան է, շատ շուտով դուք կնկատեք դա: Մենք կթողնենք կգնանք: Չի կարելի մեզ արհամարհել»:
Ավելի ուշ նույն ակտիվիստը հայտարարեց, որ իրենց ձայնը հիմա լսելի չէ, իրենք թվով շատ քիչ են. «Փաստորեն, քանի որ այսօր թվով քիչ մարդիկ են եկել, մեր ձայնը չեն լսում: Կոչ եմ անում հինգշաբթի մի մարդու նման այստեղ լինել: Չստացվի, որ մենք վատամարդ դառնանք, իրենք՝ չէ: Ում հետաքրքրում է խնդիրը, թող հինգշաբթի գան այստեղ ու ստանան իրենց հարցերի պատասխանները»:
Առևտրականների պնդմամբ, Հայաստան ներկրվող ապրանքի փոխադրման գները թանկացել են, ինչի արդյունքում փոքր ու միջին բիզնեսը խնդրի առաջ է կանգնել: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ: