ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Շնորհավորելով դեսպանին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներ Սիրիայի հետ, մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:
Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանի նախաձեռնություններին՝ ի նպաստ համագործակցության զարգացման և խորացման:
Արա Բաբլոյանը կարևորել է նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, խորհրդարանականների շփումների ու փոխայցերի ակտիվացումը:
Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների և միջոցառումների համար:
Խոսելով երկու երկրների ներքաղաքական իրավիճակից՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ շուտով խաղաղություն, ներքաղաքական կայունություն և հասարակական համերաշխություն կհաստատվի Սիրիայում:
Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու բարեկամ Սիրիայի վերականգնողական աշխատանքներին:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը զարգացնելու Սիրիա-Հայաստան հարաբերությունները բոլոր բնագավառներում:
Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ դեռևս չօգտագործված ներուժ կա տնտեսական ոլորտում:
Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում:
Անդրադառնալով Սիրիայի և Հայաստանի դարերի խորքից եկող հարաբերություններին ու պատմական ընդհանրություններին՝ դեսպանն ասել է. «Այն, ինչ տեսավ Սիրայի ժողովուրդն այս տարիներին, նման է այն ամենին, ինչ տեսան հայերն Արևմտյան Հայաստանում»: