Արմավիրում բողոքի ակցիա անցկացնող խաղողագործները հանդիպում ունեցան Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի ղեկավարի հետ, ով հայտնեց, որ քաղաքացիների բողոքը կհասցնի ղեկավարությանը:
Խաղողագործները դժգոհում են, որ Կոնյակի գործարանը խաղողը մթերում է 140 դրամով, ինչի արդյունքում մյուս մթերողները ևս գինը 160 դրամից հասցրել են 140 դրամի: Խնդիրը նաև այն է, որ պայմանագիր կնքելիս խաղողի գինը չի նշվում, դա ասվում է միայն մթերման ժամանակ:
Գյուղացիները պնդում են, որ խաղողի ինքնարժեքը 110-120 դրամ է, և իրենք չեն կարող 10 դրամով ամբողջ տարին ապրել:
Խաղողագործները հրաժարվում են բացել ճանապարհը՝ հայտարարելով, որ իրենց համբալի տեղ են դրել:
Նշենք նաև, որ Կոնյակի գործարանի տեղի մասնաճյուղի ղեկավարը նախ հրաժարվեց գյուղացիների և փոխմարզպետի հետ հանդիպել լրագրողների ներկայությամբ, սակայն ավելի ուշ դա արեց գործարանի մոտ:
Ճանապարհը շարունակում է փակ մնալ: