Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ներկա չի եղել Արցախի անկախությանը նվիրված տոնակատարությանը, նշեց, որ մեկ շաբաթ առաջ է եղել հայկական երկրորդ հանրապետությունում և նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել է, թե սա աննախադեպ է, որ ՀՀ ղեկավարը երեք ամսվա մեջ երեք անգամ լինում է Ստեփանակերտում:
Փաշինյանը նշեց, որ տոնական արարողություններին Հայաստանի Հանրապետությունը բարձր մակարդակով ներկայացված է եղել. «Ներկա է եղել ՀՀ նախագահը, փոխվարչապետը, նախարարներ, ԱԱԽ քարտուղարը»:
Ինչ վերաբերում է Արցախում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությանը, վարչապետը նշեց, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ։