Հասարակություն 

Նոր իշխանությունների նկատմամբ վստահությունն աստիճանաբար հանգչում է. Ակցիայի մասնակից

Արմավիրում խաղողագործները շարունակում են փակ պահել ճանապարհը՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գինը:

Բանն այն է, որ գյուղացիներին խոստացել են խաղողը մթերել 160 դրամով, սակայն այն բանից հետո, երբ Կոնյակի գործարանը հայտնել է, որ մթերումը լինելու է 140 դրամով, մյուս մթերողներն էլ են իջեցրել գինը: Խնդիրը բարդանում է նաև այն պատճառով, որ պայմանագրերի մեջ խաղողի մթերման գինը չի նշվում: Խաղողագործները պահանջում են մթերումը կատարել առնվազն 160 դրամով:

Ավելի վաղ ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Կոնյակի գործարանի տեղի մասնաճյուղի ղեկավարը, ով ասել էր, որ քաղաղաքացիների հարցի մասին կհայտնի իր ղեկավարությանը: Փոխմարզպետն իր հերթին նշել էր, որ ժամը 12:00-ին վարչապետի մոտ խորհրդակցություն է լինելու, իսկ 13:00-ին պատասխան կտրվի, որը դեռ չկա:

«Տաս հատ փոխնախարար կա, թող մեկը գա ժողովրդի հետ զրուցի, արհամարհել են ժողովրդին: Մենք էլ չենք գնալու, ճանապարհը չենք բացելու, եթե մեզ արհամարհում են, մենք էլ իրենց կարհամարհենք: Վաղն ավելի շատ մարդ է գալու, երեխաներին վերցնելու ենք գանք այստեղ»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ վստահություն ունեն նոր իշխանությունների նկատմամբ, սակայն այդ վստահությունն աստիճանաբար հանգչում է:

Նույն շարքից