Հայաստանի գործող կառավարությունը մսխում է Հայաստանի արտաքին քաղաքական կապիտալը, որը կուտակվել է տարիներ շարունակ: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, որոնք լավագույն օրերը չեն ապրում այստեղ:
Աշոտյանի խոսքերով, Հայաստանում արտաքին քաղաքականությունը նմանվել է մի ճանապարհի, որտեղ կուրսը հայտարարվել է նույնը, սակայն այն չի հաջողվում պահել. «Մեկ Մոսկվա են գնում և խնդիրներ առաջացնում, մեկ Բրյուսել են գնում և չեն կարողանում հարցեր լուծել: Կարծում եմ, որ վարվող քաղաքականության մասով սթափվելու խնդիր կա: Պետք է ավելի իրատեսական և Հայաստանի շահերի վրա խարսխված արտաքին քաղաքականություն վարել»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ այսօր կան խնդիրներ, որոնք չկային:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, այսօր արտաքին քաղաքական խնդիրները, որոնք նախկինում չկային, որպես հիմք ունեն ինչպես աշխարհաքաղաքական իրավիճակը, այնպես էլ Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը. «Կարծում եմ, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը ջրբաժան կարող է դառնալ»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշին, Աշոտյանի խոսքերով, այսօր վարչապետը դեռ ունի բարձր աստիճանի լեգիտիմություն, սակայն դա վերաբերում է միայն նրան, քանի որ կառավարության բազմաթիվ անդամներ այս ամիսներին միայն խնդիրներ են առաջացրել վարչապետի վարկանիշի և հենց վարչապետի համար: