Հայաստան Քաղաքական Բարի օր 

Տիգրան Սարգսյանի մասով դատական գործընթաց սկսելուց առաջ պետք է նախապես կոնսուլտացիաներ անցկացնել ՌԴ իշխանությունների հետ. Վարդանյան

Նախկին իշխանության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն այս կամ այն չափով ներգրավված են կոռուպցիոն սխեմաների և գործարքների մեջ: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեղադրանք կարող է առաջադրվել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում դեմ, ըստ մամուլի, նյութեր են հավաքվում:

-Պարոն Վարդանյան, մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նյութեր են պատրաստվում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Ըստ Ձեզ, ի՞նչ հիմքեր կան դրա համար:

-Ճիշտն ասած,  չեմ կարող պատասխանել, քանի որ դեռ ռեալ ոչ մի բան չկա: Եթե ավելի կոնկրետ լիներ, այդ ժամանակ նոր հստակ բան կասեի: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գործողություններին, ես վստահ եմ, որ նախկին իշխանության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն այս կամ այն չափով ներգրավված են կոռուպցիոն սխեմաների և գործարքների մեջ: Սա բոլորին է վերաբերվում, ոչ թե միայն Տիգրան Սարգսյանին և, եթե ներկա իշխանությունները ցանկանան, բոլորի նկատմամբ էլ շատ հեշտ կարող են քրեական գործ հարուցել: Ես վստահ եմ, որ Տիգրան Սարգսյանի դեմ ևս կոմպրոմատներ կամ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավման մասին նյութեր ունեն ՀՀ իրավապահ մարմինները: Նախկին իշխանությունների կոռուպցիոն սխեմաների գործարքների մասին բազմիցս է գրվել և, ցանկության դեպքում, բոլորի դեմ էլ կարելի է գործընթաց իրականացնել: Կոնկրետ չգիտեմ՝ որ դեպքով  են ուզում քրեական գործ հարուցել, բայց կարծում եմ, որ կլինեն բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ, որոնց մեջ ներգրավված կլինեն ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլ շատ քաղաքական գործիչներ: Տեսնում ենք նաև այն, որ նույնիսկ միջին մակարդակի պաշտոնյաների դեմ նոր կոռուպցիոն բացահայտումներ են տեղի ունենում : Բնականաբար,  իշխանության ամենավերին օղակում գտնվողները նույնպես չէին կարող անմասն մնալ այդ գործարքներից,  և ես վստահ եմ, որ բոլորի դեմ էլ կարող են քրեական գործեր  հարուցվել և դրա համար հաստատ կգտնվեն համապատասխան նյութեր:

-Տեսեք, երբ Հայաստանում մեղադրանք առաջադրեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, Ռուսաստանը շատ կտրուկ արձագանքեց դրան: Ըստ Ձեզ, ի՞նչ կլինի այս դեպքում և կարելի է արդյո՞ք սպասել նույն արձագանքին, եթե հաշվի առնենք այն, որ Տիգրան Սարգսյանը հիմա զբաղեցնում  է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի պաշտոնը:

-Եթե իրոք նման բան տեղի ունենա, իշխանությունները դասեր քաղած կլինեն նախկին գործից և չեն գնա այն նույն ճանապարհով, ինչը եղավ Խաչատուրովի դեպքում: Ըստ իս, եթե նման բան լինի, այս անգամ խորհրդակցություն կիրականացվի:

 

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից