Գլխավոր Քաղաքականություն 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն աջակցություն է խոստացել Արա Բաբլոյանին

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ և հույս հայտնել, որ այցը կնպաստի փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

Ազգային ժողովի նախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընբթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի հիմնական ձևաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է», - ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության կասեցման առնչությամբ:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ներքաղաքական որոշ հարցերի շուրջ ավելի վաղ մտահոգություններ էր հնչեցրել և այդ համատեքստում էլ իր նախաձեռնությամբ հանդիպումներ են կայացել երկրի վարչապետի, նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Թոմաս Գրեմինգերի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընգծել է, որ խնդիրները պետք է լուծվեն Սահմանադրության գերակայության պահպանմամբ և որ լուծումներին ուղղված քաղաքական կոնսենսուսի պետք է գալ համապատասխան քաղաքական քննարկումների մթնոլորտում:

Թոմաս Գրեմինգերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ այցի նպատակն է Հայաստանի հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Գրեմինգերը նշել է, որ թեև ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը, սակայն կազմակերպությունը շարունակելու է բոլոր հնարավոր ձևերով առաջ մղել Հայաստանի հետ համագործակցությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարևորելով Հայաստանի և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ վերջինս պատրաստակամ է Հայաստանին օժանդակել ընտրական բարեփոխումների գործընթացում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից՝ Թոմաս Գրեմինգերը փաստել է, որ իբրև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար՝ պատրաստակամ է հնարավորինս աջակցել ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահներին:

Զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

Նույն շարքից