Փաստաբանական թիմի շուրջ ստեղծված իրավիճակը չի կաշկանդում աշխատանքին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ խոսելով այն մթնոլորտի մասին, որը կա պաշտոնաթող նախագահի պաշտպանական թիմի մասով:
Օրբելյանի խոսքերով, ինքը շարունակում է լիարժեք պաշտպանություն իրականացնել և չի կարող կիսատ աշխատել. «Անկախ ամեն ինչից փաստաբանը պարտավոր է մասնագիտական ծառայությունն իրականացնել ամբողջ ուժով»:
Օրբելյանը նշեց, որ իրեն ավելի շատ անհանգստացնում են ոչ թե փաստաբանների նկատմամբ սպառնալիքներն ու վիրավորանքը, այլ դատական համակարգին ուղղված վիրավորանքներն ու սպառնալիքները. «Չի կարելի դատավորին գնահատել ինչ-որ գործով որոշման հիման վրա: Փաստաբանական համայնքի մոտ դատավոր Ազարյանն ու արդար և համարձակ դատավորի համբավ ունի: Մեզ համար ընդունելի չէ նրա նկատմամբ վիրավորական վերաբերմունքը»:
Փաստաբանի խոսքերով, ինքը Ֆեյսբուքում չկա և սպառնալիքներից որոշ չափով պաշտպանված է, սակայն էլեկտրոնային եղանակով նամակ ստացել է, որտեղ հիշեցրել են, որ ինքը երեխաներ ունի և խորհուրդ են տվել շքամուտքերում ուշադիր լինել: