Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը կկայանա հունվարի վերջին: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նա նշեց, որ դեռևս նիստի օրը հայտնի չէ, բայց այն կլինի հունվարի վերջին: Սա հանձնաժողովի վերջին նիստը չի լինելու, դրանից հետո գումարվելու է եւս 2-4 նիստ: Հունվարի վերջին կայանալիք նիստին կներկայացվեն ուղևորահոսքերի ուսումնասիրությունների արդյունքները, որից հետո կորոշվեն մեթոդները, արտոնությունների տրամադրման հարցը, այնուհետև՝ կսահմանվի ուղեվարձը: Հենրիկ Նավասարդյանի փոխանցմամբ՝ այս նիստից հետո հանձնաժողովի նիստերը ավելի հաճախակի կլինեն, այս նիստին դեռևս նոր սակագինը չի հրապարակվի:
Ինչ վերաբերում է որոշ երթուղիների վատ աշխատելուն, Հենրիկ Նավասարադյանն ասաց, որ ամեն տարի այս ամսին, իսկ այս տարի հատկապես՝ ուղեւորաքանակը սարսափելի պակասում է, հնարավոր է դա պայմանավորված է ցրտով, կամ դեռ մարդիկ աշխատանքի չեն գնում:
Ուղևորաքանակի պակասելու հետևանքով որոշ երթուղիներ, օրինակ՝ 30 համարի ավտոբուսը, հրաժարվել է սպասարկել, այժմ այդ երթուղին սպասարկում են Երևանի քաղաքապետարանի ավտոբուսով: «Մեքենաները քիչ են, բայց կան, իսկ մեքենաների քիչ լինելը պայմանավորված է վարորդների քչությամբ: Որոշ գծեր կարող է լավ չաշխատեն, որովհետև մեքենանները պակաս են, թերբեռնված են աշխատում, իսկ վարորդները, տեսնելով որ ուղեւոր չկա, դուրս չեն գալիս աշխատանքի»,- հայտնեց Հենրիկ Նավասարդյանը:
Նշենք, որ տնտեսվարողները տարբեր հաշվարկներ էին ներկայացրել՝ ուղեվարձը 150-250 դրամ դարձնելու մասին, շեշտել էին, որ անհնար է այս գումարով աշխատել: Իսկ հ/կ-ների ներկայացուցիչները հաշվարկներ են արել, ըստ որի՝ հնարավոր է նույնիսկ 80 դրամ ուղեվարձով շահույթ ստանալ: Այժմ հանձնաժողովը ուսումնասիրություններ, քննարկումներ կանի եւ կգան ընդհանուր հայտարարի, թե ինչքան պետք է թանկանա ուղեվարձը: Բայց տնտեսվարողները պնդում են, որ ուղեվարձը թանկանա: