«Մենք հարգում ենք բոլորին, չենք համարում, որ որևէ մեկը գոյություն չունի կամ գունավորված է: Մենք համարում ենք, որ բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են, երևանցիներ, լիիրավ իրավունք ունեն շփվելու քաղաքացիների հետ և համոզելու: Մենք հույս ունենք, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ կունենանք ընտրություններ, որի արդյունքը վստահելի կլինի ընտրողների համար: Դա ավելի կարևոր է, քան այն, թե որ թեկնածուն կհաղթի»,-այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Երևանի ավագանու ընտրություններում այդ ուժի առաջին համար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընտրություններին մասնակցում են Երևանին այլընտրանք տալու և բոլոր ոլորտներում լուծումներ տալու համար:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ քարոզարշավի մեկնարկը տրվելու է երկուշաբթի՝ հայտնելով, որ այդ օրն Ազնավուրի հրապարակում ծրագրային ելույթներով հանդես կգան. «Մենք կարծում ենք, որ մայրաքաղաք Երևանը նոր փոփոխություններից հետո մեթոդաբանական նոր մոտեցման կարիք ունի, ինչը ենթադրում է, որ Երևանը պետք է ունենա բոլոր առումներով համապարփակ գույքագրում՝ բոլոր ոլորտների մասով»:
Հովհաննիսյանը խոստացավ ավագանիում հայտնվելուց հետո առաջնորդվել վերկուսակցական, քաղաքացիական մոտեցմամբ, ինչը նշանակում է, որ չի լինելու հարց, որը լուծվի առանց մասնագիտական խմբերի և շահառու քաղաքացիների անմիջական մասնակցությամբ:
Խոսքի վերջում Հովհաննիսյանը հաջողություն մաղթեց բոլոր ուժերին՝ հույս հայտնելով, որ ծայրահեղ պիտակավորումներ չեն լինի: