Հասարակություն 

Բողոքի ակցիա՝ Թլիկ եզդիաբնակ գյուղում․ Քաղաքացիները սպառնում են փակել ճանապարհը

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ արդեն տևական ժամանակ է ջուր չունեն:

Analitik.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից Ալիկը նշեց, որ իրենք արդեն 30 տարի է ջուր չունեն և գետի ջրից են օգտվում, որը վտանգավոր է առողջության համար: Ալիկի խոսքերով, նրանք երկար տարիներ ջրի պահանջի համար բողոքել են, սակայն իշխանությունների կողմից ոչ մի դրական արձագանք չի եղել. «Արդեն 4 տարի է ինչ բողոքի ակցաներ ենք իրականացնում, բայց այդ տարիների ընթացքում դրական արձագանք չենք ստացել: Միայն վերջին ժամանակաշրջանում Տարածքային Կառավարման նախարարությունը 7 մլն գումար է տրամադրել մարզպետ՝ Աշոտ Սիմոնյանին, որից հետո նա համայնքի ղեկավար՝ Սալոյան Սլավիկի հետ համաձայնության է եկել, սակայն մինչ օրս այդ գումարը ոչ մի նպատակի չի ծառայել: Համայնքապետի խոսքերով տվյալ գործն ընթացքի մեջ է և պետք է ուսումնասիրություններ կատարվեն: Մեզ առաջարկել են գետի ջրից օգտվել, բայց մեր նախարարներից ո՞վ իր երեխայի տարան այդ ջրով կլվանա, որ հետո երեխան այդ տարայի մեջ հաց ուտի:

1996թ.-ից մինչ այսօր մենք այդ ջրից ենք օգտվում, երեխաների մոտ արդեն խնդիրներ են նկատվում: Մեր միակ պահանջն ուղղված իշխանություններին՝ ջուրն է, սպասելիքներն էլ՝ կոպիտ ասված իրավիճակ է փոխվել, տեսնենք այդ փոփոխությունը մեր վրա ինչքանով կազդի: Մենք միշտ ասել ենք, որ ճանապարհ կփակենք, բայց չենք փակել, հիմա համայնքի ողջ ժողովուրդը ոտքի է կանգնած և եթե այս տարբերակով էլ մեր խոսքը տեղ չհասնի, հետագա մեր քայլերը կլինի այն, որ մենք բողոքի ակցիա կիրականացնենք Կառավարության շենքի դիմաց: Իսկ եթե այդ միջոցով էլ դրական տեղաշարժ չլինի, կգնանք ուրիշ դեսպանատների դիմաց կշարունակենք բողոքի ակցիան և կպահանջենք, որ մեզ տեղափոխեն ուրիշ երկիր»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից