Հայաստան Քաղաքականություն 

...Եթե Կարգին Հայկոյի փոխարեն լիներ Ստալինը

analitik.am

Բոլորն էլ սխալական են և լեզվի սայթաքում ունենում: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանի հայտնի հայտարարությունների մասին:

Հովհաննիսյանը նշեց, թե իր սեփական օրինակով կարող է ասել, որ բոլորի մոտ էլ սխալներ լինում են, և դա հասկանալի է, սակայն եթե սա արտացոլում է ավելի տարածված մոտեցում, պետք է օգնել, որ դա փոխվի. «Մենք ընտրություններից հետո մեծ սիրով կհամագործակցենք «Իմ քայլ» դաշինքի և մյուս ուժերի հետ: Ինչ վերաբերում է գույների բաժանելուն, ես կարծում եմ, որ պետք է շատ չխորանանք և անցնենք առաջ՝ բայց նկատի առնելով, որ պատմությունը մեզ հուշում է՝ լինի ԽՍՀՄ բռնակալ ղեկավարը, թե ֆաշիզմի ներկայացուցիչը, ով խոսել է նման եզրաբանությամբ, վերջը հայտնի է: Դա պետության և ասողի համար ոչ մի լավ բան չի բերելու: Եթե դիմացս լիներ Ստալինը, ոչ թե մեր հարգելի գործընկերը, ու բաժաներ սևերի և սպիտակների, ասեր, որ ինքը սպիտակ է, մենք հպարտությամբ սևի գործառույթը կստանձնեինք, որպեսզի ունենայինք նորմալ ժողովրդավար երկիր»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայկ Մարությանը ներթիմային հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրենք սպիտակ ուժեր են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում իրենց հաջողությունը՝ սև՝ հավելելով, որ իրենց դեմ խաղ չկա:

Նույն շարքից