Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գեղեցկուհիները. Սեդա Աղբալյան

analitik.am

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը: Այս անգամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նաև կանայք՝ հանձինս Զարուհի Փոստանջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Թարխանյանի:

Վերոնշյալ կանայք միակը չեն, որ ընդգրկվել են ավագանու ընտրությունների ցուցակներում: Կան մեծ թվով կանայք, ովքեր պայքարում են Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելու համար: Analitik.am-ը հարցազրույցների շարք է սկսել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կանանց հետ:

Ավագանու ընտրություններին մասնակցող կանանց տրվելու են նույնաբովանդակ հարցեր՝ ոչ քաղաքական:

Ժառանգություն կուսակցությունում ընդգրկված Սեդա Աղբալյան.

Սեդա, որքանո՞վ է կարևոր ընտրություններին կանանց մասնակցությունը:

Երևանի ընտրություններում կանանց դերը կարևորում եմ, որովհետև Երևանը ամենաշատը խնամքի և հոգատարության կարիք ունի: Ընդհանրապես քաղաքականության մեջ և հասարակական գործունեության մեջ կարևոր է, որովհետև կանայք ավելի խաղաղ են, հանդուրժող և սուր անկյուններն  արագ հարթում են ամենաօպտիմալ ձևով:

Ընտրողի համար թեկնածու կնոջ արտաքինը դրական նշանակություն կարո՞ղ է ունենալ:

Դե վստահելի տեսք ունենալը ևս կարող է առավելություն  լինել, ամեն դեպքում մարդուն հայացքը, արտաքինը շատ բան կարող են ասել իր մասին: Բայց, այնուամենայնիվ, հուսով եմ միայն տեսքով առաջնորդվողները շատ քիչ կլինեն, առավելությունը կտան մեր ծրագրերին ու գաղափարներին:

Որքան էլ մենք ժխտենք, կլինեն մարդիկ, ովքեր կանանց կընտրեն բացառապես տեսքի համար, ինչպես շատ կանայք անում են տղամարդկանց դեպքում: Սրան ինչպե՞ս եք վերաբերում:

Եթե անկեղծ լինեմ, ես էլ էսթետ մարդ եմ: Սիրում եմ խնամված արտաքինով մարդկանց, ինձ համար դա նաև մարդու բնավորությունն է՝ որքան կոկիկ եղավ արտաքինում, այնքան էլ կոկիկ կլինի իր գործերում: Ես, իհարկե, երբեք քաղաքական ընտրություն չեմ արել արտաքինից ելնելով, բայց, օրինակ, եթե գիտեմ, որ ինչ-որ քաղաքական գործիչ սպորտով է զբաղվում, անկախ ինձանից սկսում եմ հետաքրքրություն տածել այդ քաղաքական գործչի նկատմամբ: Բայց միևույն է՝  իմ ընտրությունը քաղաքականության մեջ ինտելեկտն ու ազնվությունն է:

Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ կանայք երբեմն իրենց արտաքինը՝ դրական իմաստով, օգտագործում են քաղաքական դաշտում հաջողության հասնելու համար:

Սխալ եմ համարում՝  տեսքը օգտագործեք մոդելային բիզնեսում, էկրանին հաջողություններ գրանցելու համար: Իսկ քաղաքականության մեջ առաջ մղեք ինտելեկտը, գաղափարները, ծրագրերը: Այստեղ խոսքը պետության ճակատագրի մասին է:

Իսկ Դուք երբևէ այդպես արե՞լ եք:

Ես ինքս ինձ դեռևս քաղաքականության մեջ չեմ համարում: Ավագանու աշխատանքը հասարակական աշխատանք եմ համարում: Այնպես որ, քաղաքականության մեջ արտաքինս չեմ օգտագործել: Անկեղծ ասած չեմ էլ համարում, որ իմ դեպքում արտաքինն է շեշտվում կամ պետք է շեշտվի: Ոչ թոփ մոդել եմ, ոչ գեղեցկուհի: Ամեն դեպքում ես նման շեշտադրում երբեք ոչ լսել եմ, ոչ նկատել: Դա տարիներ առաջ էր, երբ ես հեռուստատեսությունում էի աշխատում, և երբեմն ինձ սադրելու համար ընկերներս և հարազատներս ասում էին, որ հաղորդումից ոչինչ չեն լսել, միայն կադրին են նայել :

 Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից