«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Դեռեւս ուժի մեջ չի մտել ներկրվող ցորենը բեռնատարներով Վրաստանի տարածքով տեղափոխելու արգելքը, իսկ վրացական իշխանություններն արդեն քայլեր են ձեռնարկում նոյեմբերի 1-ից արգելելու նաեւ այդ ճանապարհով եգիպտացորենի ներկրումը:
Դա նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու ծովային ճանապարհով այլ երկրներից եգիպտացորեն ներմուծել՝ նախ մինչեւ Վրաստան, այնտեղից էլ՜ գնացքով Հայաստան:
Այդ որոշումը Վրաստանի կառավարությունը հիմնավորում է ֆերմերների շրջանում եղած դժգոհությամբ: Բանն այն է, որ մինչեւ օրս Ռուսաստանից մեծ քանակությամբ եգիպտացորեն է ներմուծվել Վրաստան, որը հիմնականում ձեռք է բերվել անօրինականորեն՝ առանց հարկերի եւ մաքսատուրքերի: Բնականաբար շուկայում այդ եգիպտացորենն իրացվել է ցածր գներով՝ դեմպինգային իրավիճակ ստեղծելով:
Դրա հետեւանքով վրացի գյուղատնտեսների աճեցրած եգիպտացորենն անկարող է եղել մրցակցել ռուսականի հետ, եւ ֆերմերները մեծ կորուստներ են ունեցել: Իսկ ծովային ճանապարհով եգիպտացորենը ներկրելու դեպքում հնարավոր կլինի վերահսկել գործընթացը։
Եթե այդ որոշումը հնարավորություն կտա Վրաստանին պաշտպանել տեղական արտադրողներին, ապա Հայաստանում այն կհանգեցնի անխուսափելի թանկացումների: Պատահական չէ, որ արդեն իսկ շատ տնտեսավարողներ անհանգստացած են: Հայաստանը եգիպտացորեն ներկրող երկիր է, քանի որ այստեղ այդ մշակաբույսի մեծ ցանքատարածություններ չկան, եւ ինքներս ի վիճակի չենք ապահովել շուկայի ներքին պահանջարկը:
Մինչդեռ եգիպտացորենն օգտագործվում է ոչ միայն սննդում, այլեւ որպես անասնակեր ու թռչնակեր, եւ այն հիմնականում Ռուսաստանից է ներկրվում Հայաստան Վրաստանի միջոցով: Եթե եգիպտացորենի ներկրման գինն ավելանա, ապա շղթայական ռեակցիայի նման այն կանդրադառնա նաեւ տեղական արտադրության մսի, թռչնամսի եւ ձվի գների վրա: Նման կանխատեսում է անում Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ ՍԵՐԳԵՅ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
Ըստ նրա՝ եթե եգիպտացորենը նավով, այնուհետ երկաթուղով հասցվի Հայաստան, դրա մեկ տոննան կարող է 20-25 դոլարով թանկանալ։ Քանզի եթե բեռնատարներն անմիջապես բեռը հասցնում են վերջնակետին, ապա նավն ու գնացքը նման հնարավորություն չունեն: Դրանց միջոցով հնարավոր է եգիպտացորենը միայն մինչեւ համապատասխան կայարան հասցնել, որտեղից էլ այն տնտեսավարողին առաքելու համար նորից բեռնատար մեքենաների ծառայության անհրաժեշտություն է առաջանալու:
Այսինքն՝ նման տեղափոխումը լրացուցիչ ծախսեր է նախատեսում, որոնք ավելի կթանկացնեն եգիպտացորենի գինը. «Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղիները շահագործող ընկերությունները համաձայնության են եկել հայ փոխադրողների համար Փոթիից ցորենը գնացքներով տեղափոխելու սակագինը նվազեցնելու հարցում: Վստահ եմ, որ նման քայլ կարվի նաեւ եգիպտացորենի համար:
Երկաթուղով բեռնափոխադրումը միանշանակ ավելի էժան է, ինչպեսեւ նավով, սակայն այդ ժամանակ բազում կողմնակի ծախսեր են առաջանում բեռը վերջնակետ հասցնելու համար. եգիպտացորենը պետք է հատուկ պահուստարաններ տեղափոխել նավամատույցներում՝ այսպես կոչված էլեւատորներ, գազածխեցման ենթարկել, որպեսզի հատիկները երկար ճանապարհին չփչանան, չենթարկվեն վնասատուների հարձակմանը, այնուհետեւ լաստանավերով հասցնել մինչեւ Փոթի ու հետո՝ դեպի երկաթուղի:
Հայաստանում էլ արդեն երկաթուղուց պետք է բեռի տեղափոխում կազմակերպվի: Այնինչ մինչ օրս բեռնատարներով անմիջապես ռուս գյուղացիներից կարող էինք բեռն ուղիղ ճանապարհով հասցնել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»:
Սերգեյ Ստեփանյանի հաշվարկներով՝ մասնավորապես որպես թռչնակեր ծառայող եգիպտացորենի թանկացումը կարող է հանգեցնել թռչնամսի գնաճի 400-500 դրամով եւ ձվի գնաճի՝ 5-6 դրամով: Դա, միանշանակ, սպառողների համար ավելի անհասանելի կդարձնի հատկապես տեղական արտադրության թռչնամիսը, որի սպառման ծավալներն առանց այն էլ վերջին տարիներին զգալիորեն կրճատվել են թանկ լինելու պատճառով:
Մյուս կողմից էլ դա մեծ վնաս կլինի տեղական ֆերմերների համար, քանի որ դրսից ներկրվող միսն ու ձուն ավելի մրցունակ կդառնան եւ ավելի մեծ ծավալներով կիրացվեն. «Այն, ինչ կատարվեց մսի շուկայում՝ դրա գնաճին նպաստող որոշումների հետեւանքով, կկրկնվի նաեւ թռչնամսի եւ ձվի շուկայում: Այսօր խանութների սեփականատերերը նախընտրում են ներկրված միս վաճառել, որն ավելի մատչելի է, քան տեղականը, եւ հետեւաբար դրա պահանջարկը ավելի մեծ է»: