«Մենք կողմնակից ենք Հայաստանում բազմաֆունկցիոնալ իշխանության ձևավորմանը: Քաղաքական մենիշխանությունը ծնկի է բերել մեր հայրենիքը: Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից Հայաստանում եղել է քաղաքական մենիշխանություն: Մենք չենք ուզում, որ հիմա էլ Հայաստանում լինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական մենիշխանությունը»,-այսօր՝ սեպտեմբերի 8-ին ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքերով, Հայաստանում պետք է լինի քաղաքական բազմաֆունկցիոնալ իշխանություն. «Քաղաքական մենիշխանությունը կործանարար է ցանկացած երկրի համար: Ես սա ասում եմ որպես մի կառույցի ղեկավար, որն աջակցել և աջակցում է այս քաղաքական հեղափոխությանը, այն դրական գործընթացներին, որ Հայաստանում մեկնարկել է»:
ՕԵԿ նախագահի պնդմամբ, բոլոր մեղավորները պետք է խստագույնս ենթարկվեն պատասխանատվության, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական բազմաֆունկցիոնալ իշխանություն, որովհետև քաղաքական մենիշխանությունը բերում է տնտեսական մենիշխանության, բազմաթիվ բացասական դրսևորումների, իսկ զարգանում են այն երկրները, որտեղ կա բազմաֆունկցիոնալ քաղաքական համակարգ, զսպումների և հակակշիռների իրական համակարգ:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը: