Գլխավոր Հասարակություն 

Եթե Փիլիպոսյան Աշոտը նորից փորձի գնալ Քարահունջ, ամբողջ Սիսիանն է փակելու ճանապարhը. Վանդալիզմ՝ Քարահունջում

analitik.am

Քարաhունջ հիմնադրամի համանախագահ Գուրգեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել, որում ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված Քարահունջում իրականացվող պեղումների հետ:

Analitik.am-ի հետ զրույցում Գուրգեն Վարդանյանը նշեց, որ Փիլիպոսյան Աշոտ անունով հնագետը պեղումներ է սկսել Քարահունջում, որոնք արվում են շատ կոպիտ ձևով ՝ կռաններով, քլունգներով վնասում են քարերը. «Մի քանի օր առաջ Սիսիան քաղաքի ակտիվիստների հետ գնացել ենք տարածք և Փիլիպոսյան Աշոտից պահանջել ենք թույլվտությունն ու հիմնավորումները, թե ինչի համար է պեղումները նման կոշտ ձևերով իրականացնում և ինչի է, որ  պեղումների արդյունքները չավարտված, հուշարձանից 20 քառակուսի պեղելով, ամբողջ հուշարձանի մասին կարծիք հայտնում, աստղադիտարանի վարկածը կոպիտ ձևով հերքում և դադարեցնում տուրիստական հոսքը, ինչպես Մեծամորում է արել: Նա հրաժավում է ցույց տալ իր թույլտվության թուղթը և շատ կոպիտ է խոսում ակտիվիստների հետ»:

Վարդանյանի խոսքերով, այս ամենին անդրադարձել է նաև ադրբեջանական մամուլը, որը ծափ է տալիս Փիլիպոսյան Աշոտի կատարած պեղումներին և ակադեմիկոս Պարիս Հերունու դեմ ասված ամեն բառին. «Քարահունջի աստղադիտարանը, կարելի է ասել, վերագրում են ադրբեջանական մշակույթի և անգամ հին հնագետներն ու պատմաբանները ցուցանակ էին տեղադրել, որ Քարահունջի անունը ծագում է թուրքերեն «հոշումդաշ» բառից: Այդ ամենից հետո ամեն ձևով փորձեցինք հասնել նրան, որ Փիլիպոսյան Աշոտը և՛ բացատրություններ տա, և՛ դադարեցնի պեղումները: Հասկանալով, որ իրենք ոչինչ չեն պատրաստվում անել՝ որոշեցի հրապարակել նկարները, որպեսզի աղմուկ բարձրանա և ուշադրություն դարձնեն Քարահունջի խնդրին: Մշակույթի նախարարի և Փիլիպոսյան Աշոտի հետ բազմիցս փորձել ենք խոսել, սակայն նրանք խուսափում էին պատասխաններ տալուց: Միայն դրանից հետո ենք մամուլով հասարակական ուշադրություն գրավել, որպեսզի այս հարցին անդրադառնան»:

Քարահունջ հիմնադրամի համանախագահի պնդմամբ, ամենավատն այն է, որ սա վանդալիզմ է՝ հստակ նշաններով. «Այս ամենի մասին ես գրել եմ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին, սակայն նա չի պատասխանել և վիդեոն հրապարակելուց հետո ինձ բլոկ է արել: Եթե նրանք այս մասին Դատախազություն բողոք չեն ներկայացրել, դա երկու բան է նշանակում ՝ առաջինը՝ նրանք գործից այնքան չեն հասկանում, որ մտածեին բողոք ներկայացնելու մասին և երկրորդ՝ հասկացել են այդ վանդալիզմի ակտն իրենց հովանավորյալներից կոնկրետ ում դեմ է ուղղված և փորձել են կոծկել: Իսկ փոխնախարարը պատասխանելու փոխարեն անպատասխանատու հայտարարություններ է անում՝ իմ արածը համարելով պրովոկացիա և այնպիսի տպավորություն է, որ ինքն ուղղակի պատահական մարդ է, ով մանկապարտեզից հայտնվել է նախարարություն, որը ցանկացած կառավարության մեջ կարող է լինել: Ես իրենց նախարարության դեմ ոչ մի բան չունեմ, խնդրում եմ չքաղաքականացնել: Եթե Փիլիպոսյան Աշոտը նորից փորձի գնալ Քարահունջ, ամբողջ Սիսիանն է փակելու ճանապարհը և արգելելու նրա մուտքը: Հայտարարություններիցս հետո ոչ մի արձագանք չեմ ստացել նախարարությունից»:

Վարդանյանը նաև նշեց, որ անդրադարձ է կատարվել իր Կրպակին. «Ես նորից եմ կրկնում, որ այն կնվիրեմ փոխնախարարին՝ դա ինձ պետք չի, ինձ միայն պետք է, որ հուշարձանը չավիրեն: Մտավախությունս այն է, որ հասկանամ, թե ինչու են դադարեցնում հուշարձանի տնտեսական աճը և տուրիստական հոսքը: Հետագա քայլերն էլ այն է լինելու, որ պատրաստվում ենք մամուլի ասուլիս հրավիրել և հասարակության ուշադրությունն այս հարցի շուրջ ավելի լարել»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից