Դավիթ Անհաղթ-Ուլնեցի, Բաշինջաղյան-Ջանիբեկյան խաչմերուկներում, Կիևյան 2 և Արմենիա հեռուստաընկերության հարակից տարածքում գտնվող փողոցներում առկա են մի շարք խնդիրներ լուսացույցերի աշխատանքի և հետիոտնային անցումների հետ կապված։
Analitik.am-ը զրուցել է վերոնշյալ փողոցներում ապրող քաղաքացիների, ինչպես նաև այդ փողոցներով հաճախ երթևեկող մի շարք վարորդների հետ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչն է խնդրահարույց նրանց համար:
Ըստ վարորդների տված տեղեկությունների, Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկում գտնվող լուսացույցերը տեղադրված են սխալ և շփոթության մեջ են գցում վարորդներին․ «Տվյալ խաչմերուկի լուսացույցերի դիրքը սխալ է։ Երբ վարորդի համար վառվում է կարմիր լույս, հանդիպակաց լուսացույցը փոխվում է կանաչ և շփոթության մեջ գցում։ Պետք է կամ փոխել դիրքը, կամ ուրիշ ձև կազմակերպել դրանց տեղադրումը, որովհետև դրա պատճառով բազմաթիվ անգամներ, հենց իմ աչքի առաջ մեքենաների բախում է տեղի ունեցել»,- ասաց քաղաքացին։
Իսկ Բաշինջաղյան-Ջանիբեկյան խաչմերուկում, ըստ բնակիչների, արդեն երկար տարիներ է առկա են մի շարք խնդիրներ, թե՛ լուսացույցերի ոչ թվային լինելու, թե՛ վարորդների համար պարտադիր տեսադաշտի բացակայության հետ կապված։ Մեզ հետ զրույցում բնակիչներից բողոքեցին, որ տվյալ խաչմերուկում շաբաթվա ընթացքում տեղի են ունենում մեկից ավել ավտովթարներ․ «Այս խաչմերուկում գրեթե միշտ, հատկապես երեկոյան ժամերի մեքենաների բախում է տեղի ունենում։ Վարորդն աջ կամ ձախ թեքվելիս չի տեսնում եկող մեքենան, որովհետև խաչմերուկում բացակայում է ազատ տեսադաշտի հնարավորությունը»,-ասաց նա։
Բնակչի կարծիքով, հենց դա է բազմաթիվ ավտովթարների պատճառը, որովհետև չես կարող կանխատեսել եկող մեքենան ինչ արագությամբ է գալիս և ինչ աստիճանի հմուտ է, որպեսզի կարողանաս խուսափել բախումից. «Գոնե թող թվային դարձնեն լուսացույցերը, էս խաչմերուկը, ոնց որ երկրագնդից դուրս լինի, ոչ մեկ տեղյակ չի, և չի էլ ուզում հարցին լուծում տալ։ Դարձել ենք 911-ի աշխատող, մենք էլ մարդ ենք, ամեն անգամ այդ ուժեղ ձայնից դուրս ենք գալիս, օգնում ենք, մինչև փրկարարների գալը»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Բացի այդ, քաղաքացիները բողոքում են, որ վթարների հետևանքով տուժում են և խաչմերուկին մոտ ապրող տները, քանի որ այդ տարածքում հիմնականում սեփական տներ են, և տան մուտքի առաջ կայանված մեքենաները, և նաև շատ հնարավոր է մի օր տուժվեն հենց իրենք․ «Մարդն իր մեքենան կայանել է սեփական տան առաջ, ինչ իմանա, որ կգան կխփեն, կամ վերջերս մի մեքենա եկել խփել էր լուսացույցին, ինչ իմանաս, բա որ մոտակայքում մարդիկ կանգնած լինեին, չէ որ այստեղ մի քանի կանգառ կա»,- ավելացրեց քաղաքացին։
Քաղաքացիներից մեկը հայտարարեց, որ նույնիսկ վրաերթի դեպք է եղել՝ ևս մեկ անգամ շեշտելով տեսադաշտի բացակայությունը, որի պատճառով դեռ շատ մարդիկ կտուժեն։
Արմենիա հեռուստաընկերության հարակից տարածքում գտնվող հետիոտնային ճանապարհը, որը գտնվում է տվյալ տարածքում սուպերմարկետի մուտքի մոտ, արդեն լուրջ մտահոգության առիթ է տվել վարորդներին։ Նրանցից մեկն ասաց, որ սուպերմարկետի մուտքի առաջ գտնվող ավտոկայանատեղին փակում է տեսադաշտը, և վարորդը հնարավորություն չի ունենում նախօրոք նկատել հետիոտնին․ «Եթե ամենադանդաղ արագությամբ էլ փորձես երթևեկել այդ փողոցով, միևնույնն է մի օր հաստատ անակնկալ ձևով չես նկատի հետիոտնին ու վրաերթի կենթարկես։ Սուպերմարկետի դիմաց ավտոկայանատեղի կա, որը թույլ չի տալիս նախորոք տեսնել անցնողին ու արգելակել»,-ասաց նա։
Մեկ այլ վարորդ տեղեկացրեց, որ այդտեղ ժամանակին արագաչափ է եղել, բայց որն էլ հիմա հանել են․ «Դե եթե հնարավոր չի վերնանցում սարքել կամ անցումը տեղափոխել, գոնե արագաչափը չհանեին, որոշ վարորդներ էլ իմանալով ավելի դանդաղ կքշեին ու կխուսափեին դժբախտությունից։ Բացարձակապես հնարավոր չէ այդ անցումով անցնող մարդուն արագ նկատել, ես ինքս վարորդ եմ ու վստահեցնում եմ, որ սխալ է հետիոտնային անցումը դնել ավտոկայանատեղին մոտ, որովհետև անցնողը մեքենաների արանքից է դուրս գալիս ու հնարավոր չի անմիջապես տեսնել նրան»,-նշեց նրանցից մեկը։
Կիևյան 2 հասցեում գտնվող հետիոտնային անցման հետ կապված նույնպես բազմաթիվ բողոքներ են հնչում։ Տեղի բնակիչներից տեղեկացրեցին, որ նշյալ հետիոտնային անցումը բավականին վտանգավոր է, որովհետև բացակայում է լուսացույց և շատ դեպքերում, հատկապես ուշ ժամերի այդ անցումով անցնող մարդկանց կյանքը վտանգված է․ «Ինչքան ժամանակ է խոսում ենք այս մասին, որ պետք է լուսացույց դնել։ Փողոցը մեծ է, իսկ անցնողը ստիպված է երկար քայլել մինչև հաջորդ վերնացնում հասնելը։ Շատերն ուղղակի կյանքը վտանգի տակ դնելով են անցնում այդ անցումով»,-ասաց բնակիչներից մեկը։
Սակայն վերջերս, այս հասցեում տեղադրվել է լուսացույց, որն էլ դեռ չի աշխատում․ «Մի քանի օր առաջ նկատեցինք նոր լուսացույց, բայց դեռ չի աշխատում։ Հուսով ենք շուտ կմիացնեն, որովհետև անհնար է անցնել այդ անցումով, առանց վախի»։
Քաղաքացիների մտահոգություններն ու բողոքը հաշվի առնելով՝ հույս ենք հայտնում, որ Ճանապարհային ոստիկանությունը կզբաղվի վերոնշյալ խնդիրներով՝ դրանց հնարավորինս արագ լուծում տալու համար: