ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Երևի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր և ձեր համատեղ աշխատանքի ընթացքում:
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը:
Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում: Մենք ամենախոշոր ներդրողն ենք Հայաստանի տնտեսությունում, և կարող ենք ասել, որ այս իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում` ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում` ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում` 150 դոլար 1000 խմ դիմաց, ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան:
Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում` տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով` մենք քննարկելու հարցեր ունենք:
Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշները:
Մեր համագործակցության ծավալը մեծ է: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել` քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը և զարգացման միջնաժամկետ հեռանկարները»,- նշել է Վլադիմիր Պուտինը: