Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Շանթ Հարությունյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի որդեգրած արտաքին քաղաքական ուղղությունից՝ նշելով, որ այն, ինչ այսօր կատարվում է էժանագին մանիպուլյացիաներ են. «Ինչո՞վ է տարբերվում Նիկոլը Սերժից, Քոչարյանից և Լևոնից: Եթե ասում է, որ ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, ինքը ստախոս է, որովհետև Հայաստանում կա ռուսական ռազմաբազա։ Ռուսամետ երկրներում լինում են ռուսական բազաներ, արևմտամետ երկրներում՝ արևմտյան, իսկ չեզոք երկրներում՝ այլ երկրների ռազմական բազաներ չեն լինում։ Ակնհայտ մանիպուլյացիա կա այս ամենում, ինչում ես շատ վատ բաներ եմ տեսնում»։
Նա նաև նշեց, որ ավելի լավ է անկեղծ լինի Փաշինյանը և ասի, որ ռուսամետ լինելը մեր անվտանգությամբ է պայմանավորված, այլ ոչ թե ստի։ Ըստ Հարությունյանի, նույն մոտեցումներն ուներ նախորդ իշխանությունը, ինչ այսօր ունի Փաշինյանը՝ ընդգծելով, որ, եթե արտաքին քաղաքական ուղղության հարցում էլ պետք է ձեռնարկվեին քայլեր՝ օրինակ, աուդիտ անեին միջպետական պայմանագրերը, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ժամանակավորապես դիտորդի կարգավիճակ ձեռք բերեին, ստուգեին ամեն ինչ, ապա նոր որոշում կայացնեիր, իսկ այն, ինչ արվում է այսօր, էժանագին, գավառական մանիպուլյացիա է։