«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին երեկ գիշեր Ազգային ժողովի մոտակայքից ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք:
Analitik.am-ի հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրենք «Street Art»-ի միջոցով իրենց լոգոն են տարածելիս եղել. «Ոստիկաները մոտեցան և իբր պետական գույք փչացնելու պատրվակով ձեռնաշղթաներով բաժին տեղափոխեցին»:
Ղազարյանի խոսքերով, ոստիկանությունում են գտնվել մոտ 2 ժամ. «Սկզբում փորձում էին ճնշում գործադրել մեր վրա, փաստաբաններին թույլ չէին տալիս բարձրանալ վերև, հետո ամեն ինչ կարգավորվեց: Երբ փաստաբանները եկան, ոստիկանությունում արձանագրություն կազմելուց հետո ազատ արձակվեցինք»:
Մեր այն հարցին՝ այս գործողությունները շարունակական են լինելու, թե ոչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամը պատասխանեց. « Այո իհարկե, դա մեր քարոզարշավի մի բաղադրիչն է, իսկ երեկվա բուն խնդիրն այն էր, որ ԱԺ պատին եմ դա ներկել: Մեր մեսիջն էր առ այն, որ ԱԺ-ն լեգիտիմ մարմին չէ և մեզ անհապաղ անհրաժեշտ են խորհրդարանական ընտրություններ»:
Ամեն դեպքում, Ղազարյանի խոսքերով, Հայաստանում ոստիկանության գործելաոճի մասով փոփոխություններ կան, սակայն դրանք շատ դանդաղ են առաջ գնում. «Սերժ Սարգսյանի օրոք ոստիկանությունն ամենակոռուպացված և ապօրինություններ թույլ տվող կառույցն էր, պարզ է, որ նախկին որոշ վատ դրսևորումներ դեռևս իներցիայով են շարունակվում, սակայն հույս ունեմ, որ շուտափույթ ձևով այդ խնդիրները կլուծվեն»: