«Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է քարոզարշավի ամբողջ ընթացքում քայլել Երևանում և հանդիպել քաղաքացիներ հետ: Այս մասին քիչ առաջ Էրեբունիում հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի առաջին անդամ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ մնացած ամեն ինչը լինելու է իմպրովիզ:
Մարությանը նշեց, որ սեպտեմբերի 23-ին պատմական օր է լինելու, երբ կլինի ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ, ինչին քաղաքացիները սպասել են տասնյակ տարիներ. «Այդ օրը եկել է: Հայ ժողովուրդը, երևանցիները պետք է իրացնեն իրենց իրավունքն ու ընտրեն իրենց իշխանություններին: Սա ամենակարևոր մեսիջն է»:
Մարությանը նաև նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքացիներին համոզի ընտրեն իրեն՝ հավելելով, որ պատրաստ է պատասխանել բոլոր սուր հարցերին և քարոզարշավի ընթացքում շփվելու է բոլորի հետ: