Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, քարոզարշավի առաջին օրը Հայկ Մարությանը, պատասխանելով իր ունեցվածքի մասին հարցին, հայտարարեց, որ ինքը մինչ այսօր պետական պաշտոն չի ունեցել, ազնվորեն աշխատել է. «Իմ ունեցվածքն ուզում եք ՆԱՍԱ-ի խոշորացույցով նայեք, ես խնդիր չունեմ: Ես հիմա ծառայության եմ գնում 5 տարով, իսկ ծառայության ժամանակ պետք է միայն քո պարտքը կատարես»:
Մարությանն այսօր ևս հայտարարեց, որ պատրաստ է դեբատի, սակայն մի պայմանով, եթե դրան մասնակցեն բոլոր 12 թեկնածուները. «Դեբատները շատ կարևոր բան են: Ես կողմ եմ, պատրաստ եմ դրանց»:
Հարցին, թե պատրաստ են արդյո՞ք համագործակցել այն ուժերի հետ, որոնք կհայտնվեն ավագանիում, քաղաքապետի թեկնածուն դրական պատասխան տվեց՝ հայտարարելով, որ այդ ուժերը ստանալու են քաղաքացիների մանդատը և հավելելով, որ Երևանը բոլորինն է և իրականացվելու են բոլոր ուժերի լավ ծրագրերը:
Մարությանը չբացառեց կոալիցիոն կառավարումը, եթե դա արդյունավետ կլինի: