Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գեղեցկուհիները. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը: Այս անգամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նաև կանայք՝ հանձինս Զարուհի Փոստանջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Թարխանյանի:

Վերոնշյալ կանայք միակը չեն, որ ընդգրկվել են ավագանու ընտրությունների ցուցակներում: Կան մեծ թվով կանայք, ովքեր պայքարում են Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելու համար: Analitik.am-ը հարցազրույցների շարք է սկսել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կանանց հետ:

Ավագանու ընտրություններին մասնակցող կանանց տրվելու են նույնաբովանդակ հարցեր՝ ոչ քաղաքական:

Երևանի ավագանու ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյան.

Տիկին Զոհրաբյան, որքանո՞վ է կարևոր ընտրություններին կանանց մասնակցությունը:

Այս ընտրություններին կուսակցությունների համամասնական ցուցակները գլխավորում են երեք կին՝ ես, Անահիտ Թարխանյանը և Զարուհի Փոստանջյանը։ Չեմ ասի, թե կանանց մասնակցությունը մեծ է, ավելին, կարծում եմ, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար այլ կանայք ևս կարող էին առաջադրվել, որովհետև ես մնում եմ իմ այն վստահ համոզմանը, որ կինը շատ ավելի լավ քաղաքապետ կարող է լինել, քան տղամարդը։ Խոսքս, բնականաբար, պրոֆեսիոնալ և քաղաքային մենեջմենթը հասկացող գործչի մասին է։ Ինչո՞ւ, որովհետև կանայք շատ  սուր են տեսնում քաղաքային  խնդիրները, ավելի հոգատար են և շատ ավելի արագ են լուծում տալիս բոլոր այն խնդիրներին, ինչը քաղաքացու կյանքը դարձնում է ոչ հարմարավետ իր քաղաքում։

Ընտրողի համար թեկնածու կնոջ արտաքինը դրական նշանակություն կարո՞ղ է ունենալ:

Այն, որ կինը միշտ պետք է լավ և խնամված տեսք ունենա, դա փաստ է և կապ չունի՝ նա քաղաքապետի թեկնածու է, թե՝ ոչ։ Առավել ևս՝ հանրային կանայք, ովքեր ամեն օր հանրության առաջ են, անկախ նրանից, ունեն տրամադրություն, թե՝ ոչ, պիտի աշխատեն լինել առավելագույնս կոկիկ և խնամված։ Իսկ դեր կունենա՞ կնոջ արտաքինը ընտրողի կողմնորոշման հարցում, կարծում եմ՝ ոչ այնքան, որովհետև մենք մոդել չենք ընտրում, մենք ընտրում ենք Երևանի քաղաքապետ, ով պետք է լուծի երևանցու ամենօրյա խնդիրները՝ սկսած աղբահանությունից, կանաչապատումից, մինչև վերելակների խնդիր։ Բայց որ կնոջ խնամված տեսքը կարող է լրացուցիչ պոզիտիվ ազդակ լինել ընտրողի համար, կարծում եմ՝ այդպես է։

Որքան էլ մենք ժխտենք, կլինեն մարդիկ, ովքեր կանանց կընտրեն բացառապես տեսքի համար, ինչպես շատ կանայք անում են տղամարդկանց դեպքում: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

Ես խիստ արտառոց կհամարեմ, եթե մարդուն ընտրեն բացառապես իր տեսքի համար։ Կրկնում եմ, եթե  սա լիներ գեղեցկության մրցույթ, ձեր հարցադրումը տեղին կլիներ։ Ես չեմ կարծում, որ քաղաքապետ պիտի ընտրեն բացառապես տեսքի համար։ Իսկ եթե նման մարդիկ կլինեն, ինչ ասեմ, դա ևս մոտեցման խնդիր է։

Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ կանայք երբեմն իրենց արտաքինը՝ դրական իմաստով, օգտագործում են քաղաքական դաշտում հաջողության հասնելու համար: Դուք երբևէ այդպես արե՞լ եք:

Վերաբերվում եմ վատ և երբեք նման բան չեմ արել։ Սակայն, նորից եմ կրկնում՝ ամեն օր հանրությանը երևացող կինը միշտ պիտի շատ ուշադիր լինի իր արտաքինի հանդեպ, որովհետև ցանկացած անփութություն անմիջապես աչքի է զարնում, և այն, ինչ կարող են ներել տղամարդուն, կնոջը մեր հանրությունը երբեք չի ներում։

Օֆելի Իսրայելյան

 

 

Նույն շարքից