Քաղաքական Վերլուծական գլխավոր 

Վարչապետն իր օգնականին ուզում է նշանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Այն բանից հետո, երբ Արա Վարդանյանը հրաժարական տվեց զբաղեցրած պաշտոնից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար:

Analitik.am-ին հայտնի է դարձել, որ մրցույթի 11 մասնակից անցել է եզրափակիչ փուլ: Հիմնական մրցակցությունն ընթանում է վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանի և շվեյցարահայ Գրիգոր Կուրղինյանի միջև:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ամեն ինչ արվում է, որպեսզի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնը ստանձնի Հայկակ Արշամյանը:

Արշամյանը երկար տարիներ աշխատել է Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներում՝ Երևանի մամուլի ակումբ» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հիմնադրամի ծրագրի համակարգող, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ՝ հաղորդակցության և ջատագովության համակարգող:

Analitik.am-ի տեղեկություններով, Արշամյանն աշխատել է նաև սփյուռքահայ հայտնի բարերարներից մեկին պատկանող հիմնադրամում, որտեղից նրան ազատել են աշխատանքից, ինչի հետ կապված մութ պատմություններ կան: Ամենայն հավանականությամբ, հենց Հայկակ Արշամյանն էլ կդառնա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն, քանի որ վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորչությունը:

Նշենք, որ հիմնադրամի տնօրենին ընտրում է հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում են վարչապետի, ՀՀ նախագահի և Արցախի նախագահի ներկայացուցիչներ, շվեյցարահայ Ալբերտ Բողոսյանը և հանձնաժողովի նախագահ Պետրոս Թերզյանը: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի հովանավորչությունը վայելող թեկնածուին ընտրելու համար Փաշինյանին անհրաժեշտ է ընդամենը երկու ձայն:

Հաշվի առնելով այն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Փաշինյանի միջև կա փոխհամաձայնություն, ստացվում է, որ Փաշինյանին պետք է ընդամենը մեկ ձայն: Հետաքրքիր է՝ Բակո Սահակյանի ներկայացուցիչը կքվեարկի՞ Փաշինյանի թեկնածուի օգտին այն դեպքում, երբ ըստ որոշ լուրերի, Հայկակ Արշամյանը հիմնադրամի տնօրեն է դառնում, որպեսզի առաջին հերթին կազմակերպի այն, որ հիմնադրամից այլևս որևէ գումար չգնա Արցախ:

Այս պայմաններում շատ ավելի հետաքրքիր է լինելու հետևել քվեարկությանը՝ պարզելու համար, թե ովքեր են շահագրգռված Սորոսի հիմնադրամի կողմից գործուղված և, ըստ տեղեկությունների, ակնհայտ հակաարցախյան դիրքորոշում ունեցող թեկնածուին հիմնադրամի տնօրեն նշանակելու հարցում:

Հ.Գ. Ըստ որոշ աղբյուրների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի միակ նպատակը հենց այն էր, որ Հայկակ Արշամյանը նշանակվի հիմնադրամի տնօրեն:

Հաշվի առնելով այն, որ Վարդանյանը երկար տարիներ աշխատել էր, ուներ բավականաչափ կապեր, որևէ պատճառով չէին կարող նրան հեռացնել՝ պետք էր նման խայտառակ պատմություն պտտել նրա անձի շուրջ, որպեսզի ստեղծվեր հասարակական բացասական կարծիք և հիմնավորվեր պաշտոնից ազատելը:

Նույն շարքից