ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չգիտի, թե ում է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարել է, որ ուժեր կան, որոնք իբր պաշտպանում են հեղափոխությունը, սակայն քուչեքում բանակցում են Հանրապետականի հետ հեղափոխությունը տապալելու համար:
Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, թե ապշած է, որ այդ հարցն ուղղվում է իրեն, Արամ Սարգսյանին՝ հավելելով, որ իրենց չպետք է այդ հարցը տալ:
ԵԼՔ խմբակցության պատգամավորն ասաց, որ վերոնշյալ հայտարարություններն իրենց հետ կապ չունեն ու չեն էլ կարող ունենալ՝ նշելով, որ վերջին անգամ ռեստորանում եղել է երեկ երեկոյան հենց Փաշինյանի հետ, երբ Վրաստանի վարչապետի պատվին ճաշ է տրվել:
Ինչ վերաբերում է հակահեղափոխականներին, ապա Մարուքյանը նշեց, որ նման ուժ է համարում ՀՀԿ-ին և Ռոբերտ Քոչարյանին, ովքեր ընտրություններին չեն մասնաակցում:
Մարուքյանը նաև հիշեցրեց, որ իրենք միակ ուժն են եղել, ովքեր հստակ որոշում են ունեցել Սերժ Սարգսյանի դեմ քվեարկելու մասին, իսկ այժմ անմնացորդ կերպով պաշտպանում են Փաշինյանի կառավարությանը և վարչապետին:
Հարցին, թե ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, որ Հանրապետականն աջակցում է Լույս դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին, Մարուքյանը պաշտոնապես հայտարարեց, որ դա իրենց դեմ սանձազերծված սև փիառի արդյունք է: