Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում որևէ մեկին չի սատարելու, ռեստորաններում, քուչեքում ոչ պպզած, ոչ էլ կանգնած բանակցություններ չի վարում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ կուսակցականներն ազատ են ընտրության մեջ:
Ինչ վերաբերում է հանրությանը սևի ու սպիտակի բաժանելուն Շարմազանովը հայտարարեց․ «Հայ ժողովրդի, Հայաստանի գլխավոր ճգնաժամային խնդիրը, դժբախտությունների պատճառը միշտ եղել է, երբ մենք բաժանվել ենք Բագրատունիների-Արծրունիների, ունիտորների և հակաունիտորների, կոմունիստների և դաշնակների, կոմունիստների և ՀՀՇ-ականների, իսկ հիմա՝ Նիկոլականների և հակահեղափոխականների ու սևերի և սպիտակների»:
ԱԺ փոխխոսնակի խոսքերով, ցանկացած բաժանում անընդունելի է․ «Նրանք, ովքեր նման բաժանում են անում իրենց հռչակում են սպիտակներ, ես այդ դեպքում պատրաստ եմ լինել սև»:
Շարմազանովը խոսեց նաև Երևանի ավագանու ընտրությունները խորհրդարանի ընտրությունների հետ կապելու մասին՝ կոչ անելով զերծ մնալ դրանից, քանի որ առաջիկա ընտրությունները կապ չունեն ապագա քաղաքական գործընթացների հետ. «Անկախ նրանից, թե ով կլինի քաղաքում իշխանություն, մենք մեր քաղաքական գործընթացներն անելու ենք այնպես, ինչպես, ըստ մեզ, պետք են մեր պետական շահերին»: