Հայաստան Քաղաքական Բարի օր 

Համոզված եմ, որ ինչ-որ բան գիտի. Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ում կարող է նկատի ունեցած լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնք իբր պաշտպանում են հեղափոխությունը, սակայն կուլիսներում բանակցություններ են վարում Հանրապետականի հետ այն տապալելու համար, նշեց, որ պետք է հենց Փաշինյանին ուղղել հարցը. «Ես չգիտեմ, ինքը կասի, թե ում նկատի ունի: Ես որևէ բան չեմ բացառում: Եթե վարչապետ Փաշինյանն ինչ-որ բան է ասում, ուրեմն ինչ-որ բան գիտի: Համոզված եմ, որ ինչ-որ բան գիտի, դրա համար պետք է հարցերն իրեն տալ»:

Սարգսյանի խոսքերով, երկրի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծել քաղաքական դաշտում համախմբվածության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Ինչ վերաբերում է Հանրապետականների հետ շփումներին, Սարգսյանը հայտարարեց, որ բազմաթիվ ընկերներ ունի ինչպես Հանրապետականից, այնպես էլ այլ ուժերից, մասնակցում է նրանց հարսանիքներին, ծնունդներին, սակայն առհասարակ չի սիրում ռեստորաններում լինել, սիրում է լինել գյուղում:

Հարցին, թե Հանրապետականների հետ քաղաքական հարցեր քննարկվում են արդյո՞ք, պատգամավորն ասաց, որ այսօր բոլորն են իրար հետ քաղաքական հարցեր քննարկում՝ հավելելով, որ ինքը նման հարցեր քննարկում է նույնիսկ իր կուրսեցիների հետ. «Մեր կյանքը քաղաքականություն է: Հայաստանում այսօրվա բուռն քաղաքական շրջանում հնարավոր չէ չխոսել քաղաքականությունից ու սահմանափակվել միայն անձնական զրույցներով»:

Սարգսյանը խոսեց նաև Երևանի ավագանու ընտրություններում իրենց ուժի թեկնածու Արտակ Զեյնալյանի մասին և մասնավորապես այն մասին, թե վերջինս արդյո՞ք քաղաքապետի պաշտոնում ավելի շատ անելիք ունի, քան՝ Արդարադատության նախարարի: Պատգամավորի խոսքերով, խնդիրը դա չէ: Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Զեյնալյանը կարող է այլևս չլինել նախարար, քանի որ նոր կառավարություն է ձևավորվելու:

Նույն շարքից