Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում ՀՀ կառավարության և Տաջիկիստանի կառավարության միջև գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը, դիմելով հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, ցանկացավ իմանալ, թե քանի հայ ուսանող կա, որ սովորում է Տաջիկիստանում. «Այսինքն մենք ինֆորմացիա ունենք Հայաստանում սովորող Տաջիկիստանի ուսանողների մասին, բայ չունենք այնտեղ սովորող հայերի մասին: Փաստորեն ստացվում է, որ 6 տաջիկ ուսանողի համար մենք համաձայնագիր ենք վավերացնում»:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ պետք է ավելի խորն ուսումնասիրել համաձայնագիրը՝ այն վավերացնելուց առաջ:
ԿԳ նախարարը նախ հայտնեց, որ Տաջիկիստանը դեռ չի վավերացրել համաձայնագիրը, ապա նշեց, որ թվով պայմանավորված չէ համաձայնագիրը, այն խնդիր է լուծում ոչ միայն ուսանողների փոխճանաչման, այլ նաև աշխատաշուկայի մասով:
Հարությունյանը նաև չմոռացավ հիշեցնել, որ համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի կողմից, իսկ ինքը կարծում է, որ նման ցանկացած համաձայնագիր, որը վերաբերում է նույնիսկ մեկ ուսանողի, պետք է ստորագրվի: