Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուժեր կան, որոնք ձեւացնում են, թե հեղափոխության առաջամարտիկներ են, բայց խորհրդարանում, ռեստորաններում,, «քուչեքում» բանակցությունների մեջ են ՀՀԿ-ի հետ, որ դուք մեզ աջակցեք քաղաքապետի ընտրություններում ձեր ընտրակեղծարար մեխանիզմներով, մենք ձեզ աջակցենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չլինեն: Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ ըստ ձեզ ո՞ւմ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը եւ արդյոք դուք նման բանակցությունների մեջ եք ՀՀԿ-ականների հետ: Նա պատասխանեց. «Նախ, պետք է դուրս գանք ի վերջո այս խորհրդավորության դաշտից, կասկածանքի մթնոլորտից: Եթե բան կա ասելու՝ ասեք կոնկրետ անուններով, այլ ոչ թե ես պիտի մեկնաբանեմ պարոն Փաշինյանի ասածը կամ իր մտքերը»:
Ռուստամյանն ասաց, որ իր տպավորությամբ դա քարոզչական հնարք էր, որ հասարակության ուշադրությունը շեղվի ՔՊ-ի թեկնածուի անհաջող մեկնարկից: Ըստ Ռուստամյանի, այն հայտարարությունները, որ արեց Հայկ Մարությանը՝ սեւ ու սպիտակի բաժանումը, մեր դեմ խաղ չկա եւ այլն, քննադատվեց ու Փաշինյանն ուզում էր ինչ-որ բեկում մտցնել այդ անհաջող մեկնարկից. «Ի վերջո խնդիրը նրա մասին է, որ ոչ թե մենք քաղաքապետ ենք ընտրում, ավագանի ենք ընտրում, այլ այս քվեարկությունը ավելի շատ խորհրդարանի լուծարման քվեարկություն է: Մենք հարցն այդ դաշտ չէինք տեղափոխի»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում