Քաղաքական 

Եթե գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին, ուրեմն կարող էին գաղտնալսել այլ բարձրաստիճան պաշտոնյաների․ Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբացության պատգամավոր Լենա Նազարյանն ԱԺ նիստի ժամանակ անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսմանը։

«Գաղտնալսումից պարզ է մի բան, որ դատավորներին ոչ մի հրահանգ չի տրվել ու չի տրվելու, եղել է մի ուղերձ՝ չվախենալ, չկասկածել, եթե կան օրինական հիմքեր, կալանավորել»,-ասաց նա:

Նազարյանի համոզմամբ՝ դատավորներն ունենալով այդ պրակտիկան նախկինում՝ զանգում են տարբեր պաշտոնյաների և հարցուփորձ անում, թե ինչպես պետք է վարվել։

Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ-ում գաղտնալսում կարող են իրականացնել միայն համապատասխան պետական կառույցները․ «Գաղտանլսում կարող է արվել միայն համապատասխան պետական կառույցների կողմից, պետության և քաղաքացիների օրինական շահերը պաշտպանելու համար, ցանկացած այլ դեպքում և ցանկացած այլ անձանց ձեռքում գաղտնալսումը գործիք է, որն օգտագործվում է պետության շահերի դեմ և խոսքի ազատության դեմ»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ եթե գաղտանլսում են ԱԱԾ պետին և ՀՔԾ պետին, ուրեմն կարող ենք մտածել, որ գաղտնալսում են կամ նախկինում գաղտնալսել են նաև ՊՆ-ին, ԱԱԾ քարտուղարին․ «Ինչ իմանանք արդյոք այդ գաղտնալսումների արդյունքում ձեռք բերված նյութերը չեն օգտագործվել մեր պետության դեմ, չեն դարձել շանտաժի նյութ»։

Լենա Նազարյանը նշեց նաև, որ Գլխավոր Դատախազությունը գաղտնի ձայնագրության փաստի հիման վրա քրեական գործ է հարուցել և հանրությանը պետք է ներկայացվի, թե ովքեր են որոշել պետության մեջ պետություն լինել․ «Այդ անձիք պատասխանատվության կենթարկվեն և նաև գնահատակի կարժանանան և՛ Հայաստանում և՛ Հայաստանից դուրս, եթե դրա կարիքը լինի»,-ասաց պատգամավորը։

Նույն շարքից