Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե նորմալ պրակտիկա է արդյո՞ք, որ ասում են, թող տվյալ քաղաքացին երկու օր նստի խելքի կգա, ինչի մասին, հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի գաղտնալսումը տարածվել է համացանցում, ասաց, որ նման պրակտիկա չկա, իսկ ինչ իրենք խոսել են, մասնավոր զրույց է, որի ընթացքում չեն պահպանվում բոլոր տառերն ու ստորակետները. «Խոսում ենք իրար հետ, քննարկում ենք կարևորագույն քրեական գործ, որը հետաքրքրություն է ներկայացնում երկրում ու երկրից դուրս: Ես հարց եմ ուղղում՝ հիմքերը պի՞նդ են, թո՞ւյլ են, պարոն Խաչատրյանը պատսխանում է այն, ինչ պատասխանում է»:
Վանեցյանի խոսքերով, այն, ինչ խոսել են ինքն ու ՀՔԾ պետը, չեն նստել լրագրողների առջև քննարկում արել, հեռախոսով են խոսել, խոսքի մեջ հնարավոր է ասել են այն, ինչ ունեն՝ Քոչարյանն ազատության մեջ է, Յուրի Խաչատուրովն ազատության մեջ է, Միքայել Հարությունյանը չկա. «Տպավորություն է, որ ես ու Սասուն Խաչատրյանն արդարանում ենք, ինչն այդպես չէ»:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ գաղտնալսում չպետք է լիներ, բայց եթե եղել է, իրենք պատրաստ են պարզաբանել ցանկացած խոսք:
ՀՔԾ պետն իր հերթին ասաց, որ մարդ կա խելքը գլուխն է հավաքում, մարդ կա չի հավաքում:
Նշենք, որ այս թեմայով Analitik.am լրատվականի կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն հաստատում եմ՝ կա ՀՔԾ-ում արատավոր պրակտիկա, որ մարդուն կալանք են տալիս այն հույսով, որ իրենց ուզած ցուցմունքը կտա կամ կստորագրի իրենց ասած ցուցմունքի տակ: Անձնական փորձով դա հաստատում եմ: Ցավոք, ՀՔԾ-ում բան չի փոխվել: ՀՔԾ պետն էլ հենց նոր հաստատեց վերևում գրածս՝ ասելով, որ թե մարդ կա խելքը հավաքում ա գլուխը, մարդ կա՝ չի հավաքում»: