Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետը հայտարարեց Հայաստանում քաղաքական տեռորի ժամանակաշրջանի մեկնարկի մասին. Շարմազանով

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին՝ ուղղված ԱԱԾ-ին և Ոստիկանությանը, որ պետք է օլիգարխների թիկնազորներին ասֆալտին պառկեցնել ու 2 ժամում զեկուցել իրեն այդ մասին, ասաց, որ վարչապետից հստակ գնահատական է ակնկալվում հեռախոսազրույցի բովանդակության մասով:

Շարմազանովի խոսքերով, գաղտնալսումը վատ է, հակաօրինական և մտահոգիչ, այդ մասով երկու կարծիք լինել չի կարող, սակայն ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն չպետք է զարմանա, պետք է զարմանան մյուսները, թե ինչպես է հնարավոր, որ նման պաշտոնյաների հեռախոսազրույցներ գաղտնալսվեն, ինչու են վերջիններս այդքան անզգույշ. «Բայց մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ Մերկելին էլ են գաղտնալսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաներին: Սա դատապարտելի է։ Բայց ավելի դատապարտելի է խնդրի բովանդակությունը: Երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ փաստերի մանիպուլացիա: Որևէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը: Հասկացանք, որ վատ է գաղտնալսելը: Հիմա ես հարց եմ տալիս վարչապետին, եղբայր, դուք բազմաթիվ անգամ հայտարարել եք, որ չեք միջամտում դատական համակարգի աշխատանքներին: Հիմա ինչպես եղավ, որ ԱԱԾ տնօրենը դատավորի հետ կապի մեջ է մտնում ու ասում, թե ուզի-չուզի պետք է կալանավորի: Ինչպես է լինում, որ Խաչատուրովի խափանման միջոցը որոշվում է ոչ թե փաստերի հիման վրա, այլ ռուսներին նեղացնելու-չնեղացնելու հիման վրա: Կամ ինչ է նշանակում վարչապետի հայտարարությունը, որ պետք է փակել: Ինչ է նշանակում ասֆալտի վրա պառկեցնել: Երեկ վարչապետը հայտարարեց Հայաստանում քաղաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Ում վրա է մունաթ գալիս, ինչ կապ ունեն Հանրապետականը, Սերժ Սարգսյանը: Պետք է բովանդակության վերաբերյալ գնահատական տալ: Հստակ երևում է, որ ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը միջամտում են իրավական գործընթացին՝ շոշափելով վարչապետի անունը: Հիմա վարչապետը պետք է հերքի կամ հաստատի դա:

ԱԺ փոխխոսնակի կարծիքով, եթե Հայաստանում ամեն ինչ որոշելու է Փաշինյանը, մեր երկրին այլ կառույց կամ պաշտոնյա պետք չէ, թող նա լինի միապետ՝ լինելով և դատավոր, և դատախազ, և խորհրդարան, և ՀՔԾ պետ, և կառավարություն»:

Նույն շարքից