Բարի օր Քաղաքականություն 

Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետը նման տոնով խոսեր իր ժողովրդի հետ․ Վահրամ Բաղդասարյան

analitik.am

Օրիգարխ սահմանումը, ճիշտն ասած, ես լավ չեմ ընկալում։ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոսելով՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին։

«Այդ սահմանման հետ համաձայն չեմ, բայց եթե որևէ մեկն օրենքի սահմաններից դուրս ինչ-որ գործողություն կատարում է, բնականաբար, դրա համար պետք է յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն կրի»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել ուժային կառույցների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը, Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ բարդ հարց եք տալիս, համենայնդեպս մեզ համար դա ձեռնտու տարբերակ չէ: Պետք չի հանիրավի անուններ շոշափել առանց հիմքեր ունենալու: Քննությունը ցույց կտա և դրա պատասխանները կլինեն: Չեմ ցանկանա նմանատիպ հնչողություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել»:

Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, երբ նշում էր, որ պետք է ռեյդեր իրականացնեն, ասֆալտին պառկեցնեն օլիգարխների թիկնազորին և զինաթափ անեն, Բաղդասարյանն ասաց, որ չէր ցանկանա երկրի վարչապետից լսել նման բան․ «Ես չէի ցանկանա, որ իմ երկրի վարչապետը նման տոնով և նման ոճով խոսեր իր ժողովրդի հետ»։

Այն հարցին թե ինչպես է վերաբերվում նրան, որ Փաշինյանը ժամանակ տվեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Ալեքսանդր Սարգսյանին գումարները ետ վերադարձնելու համար, Բաղդասարյանը պատասխանեց․ «Հայտարարություններով կամ նման ձևերով ինչ-որ անհատներից գումար չեն առգրավում, դրա համար կան համապատասխան մարմիններ, եթե կան նման երևույթներ դատական համակարգով դրանք ի հայտ կգան»։

Բաղդասարյանը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի հասցեին երեկ հնչած մեղադրանքի մասին՝ նշելով, որ դա անթույլատրելի է․ «Այդպիսի հայտարարությունները պարզապես անթույլատրելի եմ համարում։ Ընդհանուր առմամբ շատ տհաճ երևույթ է, որ նման ձևերով մենք հանրությանը տրամադրում ենք իրար դեմ։ Մենք պետք է գնանք սիրո և համերաշխության ճանապարհով,մենք պետք է օգնենք վարչապետին, որպեսզի այս իրավիճակը գնա իր բնականոն հունով, արհեստական լարումներ պետք չի ձևավորել»,-ասաց նա։

Նույն շարքից