Հասարակություն 

Այդ դպրոցից ոչ մի երեխա բարձր գնահատականներով չի ավարտել․ Եզդիաբնակ գյուղի բնակիչները պահանջում են դպրոցի տնօրենի հրաժարականը

analitik.am

Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ գյուղի դպրոցում ուսուցիչներն աշակերտներին դաս չեն տալիս, մեկնաբանելով հետևյալ կերպ. «Գնացեք թող ձեր եզդիներն էլ ձեզ դաս տան: Մենք ձեզ դաս տվողը չենք, քանի տնօրենի դեմ ձեր բողոքը հետ չեք վերցրել: Գնացեք ու էլ չմտնեք դպրոց»:

Այս մասին Analitik.am-ը զրուցեց Ֆերիկ եզդիաբնակ գյուղի բնակիչների հետ: Նրանց պնդմամբ, դպրոցը չի կրթում երեխաներին և այդ ամենից ելնելով իրենք բողոքել են դպրոցի տնօրեն՝ Լևոն Պողոսյանի դեմ:

Դպրոցի աշակերտներից մեկի տատիկը՝ տիկին Սինամինը, մեզ հետ զրույցում մեկնաբանեց Ֆերիկ գյուղում տեղի ունեցածը. «Սեպտեմբերի 10-ին երեխաներին դաս չեն տվել՝ պատճառաբանելով, որ դասադուլ է: Դասադուլն էլ նրա համար է, որ ծնողները բողոքել են դպրոցի տնօրեն՝  Լևոն Պողոսյանից, նրա համար, որ նա շատ թույլ է դպրոց ղեկավարելու համար, և դպրոցը գտնվում է բարձիթողի վիճակում: Չգիտեմ՝ ով է ստիպում ուսուցչական անձնակազմին դասադուլ անել, միայն վստահ գիտեմ այն, որ Պատմություն, Շախմատ, Տեխնոլոգիա, Համաշխարհային պատմություն և Հասարակագիտություն դասավանդող Ռուբիկ Խաչատրյանը, ով հանդիսանում է նաև տնօրենի մտերիմ ընկերը, երեխաներին արգելել է մնալ դպրոցում և հայտարարել է. «Գնացեք թող ձեր եզդիներն էլ ձեզ դաս տան: Մենք ձեզ դաս տվողը չենք, քանի տնօրենի դեմ ձեր բողոքը հետ չեք վերցրել: Գնացեք ու էլ չմտնեք դպրոց»»:

Տիկին Սինամինը նշեց նաև, որ ուսուցիչներն ասել են, որ մինչև իրենց հարցերը լուծվելը չեն կարող դաս տալ, բայց թե ինչ հարցերի մասին է խոսքը՝ չգիտի և ոչ էլ ուսուցիչներն են ասում:

«Այս հարցի մասին տեղեկանալուց հետո ԿԳ նախարարի տեղակալ՝ Արևիկ Անափիոսյանն էր եկել Ֆերիկ գյուղ, բայց դպրոցում տեղի ունեցածի մասին ոչ մի քննարկում չի եղել, միայն ասել է, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է պայքարել՝ նույնն ձևով էլ դուք արեք»:

Այս մասին Analitik.am-ը զրուցեց նաև դպրոցի աշակերտների ծնողներից՝ Սադրիչյան Խազալի հետ. «Երեխաներն ընդհանրապես կրթություն չեն ստանում այդ դպրոցում, մեր պահանջն այն է, որ դպրոցի տնօրենն այլևս չաշխատի, որովհետև նա ո՛չ ուսուցչական անձնակազմի հանդեպ է խիստ, ո՛չ էլ երեխաների: Այսքան ժամանակ այդ դպրոցից ոչ մի երեխա բարձր գնահատականներով չի ավարտել, իսկ մենք երեխա ենք ուղարկում դպրոց կրթվելու համար»:

Ինչ վերաբերում է դասադուլին, Խազալը հավելեց, որ ուսուցիչները ծնողներին ասել են, որ իրենք են սկսել պայքարը և իրենք էլ գան ու դաս տան աշակերտներին:

Օֆելի Իսրայելյան

 

 

Նույն շարքից