Հասարակություն 

Ինչպե՞ս կարելի է ազատել աշխատանքից տարիքի պատճառով․ Մրգավետ գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհի

analitik.am

Վերջերս համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում Արարատի մարզի Մրգավետ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Հակոբյանը հայտնում էր, որ փորձում են հարկադրաբար իրեն ազատել աշխատանքից միայն թոշակառու լինելու պատճառով։

Analitik.am-ի հետ զրույցում, տիկին Հակոբյանը ներկայացրեց իր պարզաբանումը՝ հայտնելով, որ իրեն փորձում են իր կամքին հակառակ ազատել աշխատանքից:

Նրա խոսքերով, օգոստոսի 31-ից դպրոցում աշխատել է  6 ուսուցիչ․ «Սեպտեմբերի 10-ին՝ դպրոցի տնօրեններին, որոնց մեջ էր նաև մեր տնօրենը, կանչել են մարզպետարան։ Կրթության բաժնի պետ՝ Ալբերտ Մկրտչյանը, աշխատակազմի ղեկավար ներկայացող Լիլիթ Միրզախանյանը և փոխվարչապետ՝ Արտավազդ Նազարեթյանը, հարկադրել են տնօրեններին, որպեսզի տարիքով մեծ ուսուցիչներին ազատեն աշխատանքից»:

Տիկին Հակոբյանը հայտնեց, որ իրենց դպրոցի տնօրեն՝ Վրեժ Զոհրաբյանը հրաժարվել է նման բան անել՝ պատճառաբանելով, որ առաջին հերթին փոխեն աշխատանքային օրենսգիրքը, որովհետև այնտեղ չկա այնպիսի կետ, որի համաձայն աշխատողին տարիքի համար կարող է ազատել աշխատանքից, սակայն նրան ասել են, որ դուք գնացեք ազատեք, թող ուսուցիչներն ըմբռնումով մոտենան այդ հարցին, մենք հետո օրենսգիրքը կփոխենք:

«Այս ամենից հետո, մենք որոշեցինք այդ հարցը բարձրացնել համացանցում, դիմել ենք նաև Մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանին, 3 աշխատանքային օրվա ընթացքում այնտեղից կարձագանքեն: Ես ցանկանում եմ հարգարժան մարմիններին ասել՝  ինչպե՞ս կարելի է մարդուն տարիքի համար ազատել աշխատանքից, երբ նա լի է կենսական ուժերով և կարողանում է աշխատել, ի՞նչ է, այդ տարիք ունեցողը չի ուզում ապրել»,- ասաց ուսուցչուհին:

Տիկին Հակոբյանի խոսքերով, տնօրենն իրենց չի ազատել աշխատանքից և իրենք դեռ դասավանդում են դպրոցում։

Իսկ ինչ վերաբերում է ԿԳ նախարարություն դիմելուն, Հակոբյանն ասաց, որ հարցն ուղղել է նաև ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյանին, հասկանալու համար՝ իր իմացությամբ է այս ամենը տեղի ունենում,թե՝ ոչ. «Որովհետև նա բազմիցս խոսել է այս հարցի մասին՝ ասելով, որ դա միայն գործատուի որոշմամբ կարող է տեղի ունենալ: Կարծում եմ, որ այս ամենը միայն մարզպետարանի որոշումն է»:

Analitik.am-ը փորձեց խնդրի մասով պարզաբանում ստանալ նաև Արարատի մարզպետարանի աշխատակիցներ՝ Ալբերտ Մկրտչյանից, Արտավազդ Նազարեթյանից և Լիլիթ Միրզախանյանից, սակայն վերջիններիս հետ կապ հաստատելու բոլոր փորձերը ձախողվեցին:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից