Քաղաքականություն 

Քննարկվել են Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի կազմակերպմանն առնչվող հարցեր

analitik.am

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Սաղաթելյանը նշել է, որ ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստն առաջին անգամ է անցկացվելու Երևանում, և մեր երկիրը լրջորեն պատրաստվում է նման կարևոր իրադարձությանը՝ գործադրելով հնարավոր բոլոր ջանքերն աշխատանքային արդյունավետ մթնոլորտ ապահովելու ուղղությամբ: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցկացվեն բարձր մակարդակով, իսկ քննարկումները կլինեն արդյունավետ:

Կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանը: Արա Սաղաթելյանի խոսքով՝ վեհաժողովն իր նպաստն է բերում տարածաշրջանային անվտանգության օրենսդրական ապահովման գործում: Այս համատեքստում խորհրդարանի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվորեն և հետևողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է լուրջ փորձագիտական աշխատանք և գնահատականներ ներկայացնում վեհաժողովի ներկայացրած բոլոր փաստաթղթերի վերաբերյալ:

Պյոտր Ռյաբուխինն իր հերթին համոզմունք է հայտնել, որ նիստերը Երևանում կանցկացվեն բարձր մակարդակով, հաշվի կառնվեն կազմակերպչական բոլոր առանձնահատկությունները:

 

Նույն շարքից