Այսօր ՀՀ ԱԺ-ում կայացած հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա մեջբերեց ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից մի հատված, որտեղ մի նախադասություն կար՝ Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, խայտառակ կլինենք. «Ակնհայտ է, որ ԱԱԾ տնօրենը հստակ հասկանում է, որ միջազգային հարաբերությունների և կոնկրետ մեր երկրի ստրատեգիական անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի մեր գործընկերների մասով խնդիր է առաջանում, ինչը չի կարելի ասել ՀՔԾ պետի մասով: Հիմա այս ձայնագրությունը, որ դժբախտաբար հայտնվել է համացանցում, նոր խնդիրնե՞ր չի առաջացնում ՀԱՊԿ մեր գործընկերների մասով»:
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ շատ կարևոր է պարզաբանել, որ հենց այդ պատճառով է, որ այդ խոսակցությունները տեղի են ունեցել. «Երբ խնդիր է առաջացել Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց ընտրելու, բնականաբար, այդ ազդակները Խաչատուրովի շրջապատից գնացել են տարբեր ուղղություններով, և տարբեր ուղղություններով ազդակներ են ստացվել Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Ինչի՞ է ԱԱԾ-ն խառնվել այս իրավիճակին, որովհետև տարբեր կողմերից ազդակներ են եղել, որ կա անհանգստություն, և ԱԱԾ պետին խնդրել են, որ ինքը միջամտի և փորձի լուծել:
Այսինքն՝ ԱԱԾ տնօրենը ՀՔԾ պետի հետ այս իրավիճակը քննարկել է ոչ թե իր ցանկությամբ, այլ որովհետև դրսից իրեն զանգել են, անհանգստություններ են փոխանցել, և քանի որ նա եղել է Շվեյցարիայում, զանգել է ՀՔԾ պետին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որից հետո, ես, իմիջիայլոց, ես ԱԱԾ տնօրենից եմ իմացել , որ այդպիսի իրավիճակ է ծագել, ես էլ եղել եմ Սանկտ Պետերբուգում, ես ինքս էլ զանգահարել եմ ՀՔԾ պետին՝ հասկանալու համար, թե կա արդյոք իսկապես նման բան, թե չկա և հետաքրքրվել եմ, թե իսկապես մեր էն նախնական պայամանավորվածությունների շրջանակներում է ամեն ինչ՝ գործն օրինական է, հիմնավոր է և այլն, որից հետո ի գիտություն եմ ընդունել տեղեկատվությունը և այդ մասին հաղորդել եմ ՀԱՊԿ անդամ և ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին: Այսօրվա դրությամբ ես կարող եմ ասել, որ ոչ, այդպիսի խնդիրներ չի առաջացնում, իսկ եթե այդ խնդիրները ծագել են, ապա ժամանակին մենք տեղյակ ենք պահել նրանց»:
Հակոբյանն ուղղեց հաջորդ հարցը. «ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համար բավականին լուրջ նշանակություն ունի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչին նշանակելը բավականին բարդ գործընթացով է տեղի ունեցել, կարո՞ղ եք հավաստել, որ այս գործընթացը, որ սկսվել է հետկանչման, դրանից հետո այդ պաշտոնը մնալու է Հայաստանին: Ես ուզում եմ մենք ֆիքսենք սա: Այդ ձայնագրության մեջ հստակ կա, իրեն Ֆեմիդա հռչակած Ձեր նշանակած ՀՔԾ պետը ոչ կոռեկտ արտահայտություններով խոսում է մի մարդու մասին, մի գեներալի մասին, որին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար են ընտրել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները: Այս ձայնագրությունից հետո Դուք կարո՞ղ եք հավաստիացնել, որ այս ձայնագրությունից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մնալու է Հայաստանին»:
Փաշինյանը պատասխանեց, որ Հակոբյանի նշած հատվածում որևէ ոչ կոռեկտ բան չի տեսել. «Եթե որևէ մեկը գաղտնալսի Ձեր ամենօրյա աշխատանքային խոսակցությունները կարող են բազմաթիվ ոչ կոռեկտ բաներ լինեն՝ այդ թվում Ձեր խմբակցության պատգամավորների մասին, բայց դա չի նշանակում, որ մենք կարող ենք դա ընդունել՝ որպես քաղաքական իրողություն: Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակին, ՀՀ-ն դեռ ունի ժամկետ, ներկայացուցիչը նշանակվել է ժամկետով, ոչ թե անձն է նշանակվել, այլ ներկայացուցիչը, ես ունեմ հիմք մտածելու, որ այդ ժամկետը կպահպանվի»: