Քաղաքական 

Ինձ թվում է Դուք դվայնիկ ունեք. Աշոտյանն ու Փաշինյանը փոխադարձ իրար «կծելով» քննարկեցին Արցախի հարցը

«Այսօրվա Ձեր կերպից հանգստություն է հորդում, հանգիստ եք, բարեկիրթ եք, ինձ երբեմն թվում է, որ Դուք դվայնիկ ունեք, այնքան մեծ է տարբերությունը: Այս կերպը լավն է, բարեկիրթ է, սահմանադրական է, վարչապետի կերպին հարիր է»,-այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Փաշինյանին, հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Ապա Աշոտյանը նշեց, որ չի կարող իր հարցը կարդալ վարչապետի ձայնով՝ խնդրելով հասկանալ իրեն, իսկ Աշոտյանի հարցը վերաբերում էր օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ վարչապետի կողմից արված հայտարարությանը, որը վերաբերում է հող հանձնելուն: Վարչապետը մասնավորապես նշել էր, որ իրենց մեղադրում են հող հանձնելու մտադրության մեջ, սակայն մեղադրողներն իրեն շփոթում են իրենց հետ, որ բացի հող հանձնելուց այլ բանի մասին չեն բանակցել: Վարչապետը նշել է, որ դա հիմա գիտի, քանի որ տիրապետում է բանակցային ողջ գործընթացին:

Աշոտյանը ցանկացավ իմանալ, թե որ հայտարարությունների և որ փաստաթղթերի մասին է խոսքը, երբ ինքն ասել է, որ բանակցել է միայն հող հանձնելու մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի հարցի կապակցությամբ բանակցային սեղանին երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որտեղ հստակ ձևակերպվեր և երաշխավորվեր ԼՂ կարգավիճակի հարցը և վերջին տարիներին ԼՂ կարգավիճակի հարցն ավելի է մի կողմ մղվել. «Ես ուզում եմ ասել, որ այն պահին, երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ժառանգություն եմ ստացել մի տարբերակ, որը փաստաթուղթ չէ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես որևէ խոսք չկա: Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձնել ձեզ հայտնի տարածքները: Ես սա ասում եմ պաշտոնապես: Այո, դուք թողել եք ժառանգության հենց այդ տարբերակը: Ես չեմ ասում, որ դուք ստորագրել եք այն: Ես միշտ ասել եմ, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցի լուծում հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ոճին, ապա ես սովոր եմ լինել համարժեք, ունեմ շատ լայն դիապազոն, որն այս ընթացքում մեծացել է»:

Աշոտյանն իր արձագանքում նշեց, որ եռանախագահողների կողմից ներկայացված վերջին պաշտոնական փաստաթուղթը ներառում է Արցախի կարգավիճակի հարցը, ինչը մատնանշված է եռանախագահող երկրների հայտարարության մեջ. «Սա վերջին փուլի միակ պաշտոնական փաստաթուղթն է: Մենք Ձեզ թողել ենք տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի հարցը ներառված է: Եթե Դուք պնդում եք հակառակը, ես Ձեզ խնդրում եմ հրապարակել այդ փաստաթուղթը, որի մասին գրեթե ամեն ինչ ասացիք»:

Աշոտյանի համար զարմանալի է այն, թե ինչու Ադրբեջանը չի համաձայնվել ստորագրել փաստաթուղթը, եթե այն այդքան պարտվողական է: Վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդքան դաժան չէ միանգամից ամբողջ ճշմարտությունը պատմելու համար, քանի որ դրանից հետո Աշոտյանը կարող է հոգեբանի աջակցության կարիքն ունենա: Ինչ վերաբերում է փաստաթուղթն ամբողջական հրապարակելուն, վարչապետն ասաց, որ դրա ժամանակն էլ կգա ու ինքն է որոշելու, թե երբ հրապարակի այն:

Նույն շարքից